image

AMAA-ի Ավետիսյան դպրոցի կրկնակի հաղթանակը «ԱԲ Սերնդում». I տեղ՝ մաթեմատիկայում եւ Python-ում

AMAA-ի Ավետիսյան դպրոցի կրկնակի հաղթանակը «ԱԲ Սերնդում». I տեղ՝ մաթեմատիկայում եւ Python-ում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում անցկացված օլիմպիադաներում AMAA-ի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Կարո Գաբրիելյանը զբաղեցրել է առաջին տեղը մաթեմատիկայի օլիմպիադայում։

Միեւնույն ժամանակ, Ավետիսյան դպրոցը «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում ճանաչվել է առաջատար նաեւ Python առարկայում՝ դպրոցի աշակերտների միջին միավորով։ Օլիմպիադաներին մասնակցել են շուրջ 400 10-րդ դասարանի աշակերտներ Հայաստանի 23 դպրոցներից՝ ընդգծելով մրցույթի բարձր մակարդակն ու մրցակցային միջավայրը։

Ի դեպ, Ավետիսյան դպրոցն այս պահին «ԱԲ սերունդ» ծրագրի միակ մասնավոր դպրոցն է:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին եւ մաղթում նոր հաջողություններ։

AMAA-ի Ավետիսյան դպրոցը, հիմնադրված 1998 թվականին, համակողմանի եւ անվճար կրթություն ապահովող հաստատություն է։ 2014 թվականից այն գործում է ժամանակակից, էներգախնայող եւ բնապահպանական համալիրում, որն արժանացել է LEED միջազգային հավաստագրի։ Դպրոցի կրթական մոդելը միավորում է STEM ոլորտները, արհեստական բանականության դասընթացները, արվեստը, նորարարական գյուղատնտեսությունը եւ հոգեւոր-մշակութային ծրագիրը։

Ներկայում AMAA-ն իրականացնում է նորարարական փորձարարական ծրագիր, որի նպատակն է Ավետիսյան դպրոցը վերածել համայնքային զարգացման նոր մոդելի դպրոցի՝ միավորելով կրթական, առողջապահական, սոցիալական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծառայությունները մեկ հարկի տակ։

Ծրագրի հաջողության դեպքում Ավետիսյան դպրոցում կիրառվող համապարփակ կրթական եւ համայնքային զարգացման մոդելը նախատեսվում է տարածել նաեւ Հայաստանի այլ մարզերում։

FAST հիմնադրամի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը բազմաշերտ եւ երկարաժամկետ նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանում ձեւավորել արհեստական բանականության ոլորտում ապագա մասնագետների ու նորարարների ամբողջական կրթական ուղի՝ սկսած դպրոցից մինչեւ դոկտորական մակարդակ։ Ծրագրի առաջին բաղադրիչը՝ դպրոցական ծրագիրը ներդրված է հանրակրթական համակարգում եւ ավագ դպրոցի աշակերտներին հնարավորություն է տալիս երեք տարվա ընթացքում համակարգված ձեւով ուսումնասիրել ոլորտը եւ ստանալ հիմքային կարողություններ։

Ծրագրի շրջանակում աշակերտները սովորում են Python եւ արհեստական բանականության հիմունքներ, խորացնում մաթեմատիկական գիտելիքները, իրականացնում նախագծեր եւ զարգացնում ինչպես վերլուծական մտածողությունը, այնպես էլ փափուկ հմտությունները։ Նրանք մասնակցում են մասնագիտական կողմնորոշման ծրագրերի, հանդիպում ոլորտի մասնագետների հետ, այցելում առաջատար ընկերություններ եւ կուտակում կրթական կրեդիտներ։

Ծրագիրը ներառում է նաեւ արտադպրոցական հնարավորություններ՝ ուղղված հմտությունների զարգացմանը, անգլերենի բարելավմանը եւ մասնագիտական կողմնորոշմանը։