Սեւատա Ղուկասեանը Յունիսի1-ի գիշերը, երկու ամիսով կալանաւորած է սուտ մատնութեան մեղադրանքով: Այս մասին ըսաւ պաշտպան Սերգէյ Յարութիւնեանը:
«Սեւատան Մայիսի 1-ին հաղորդում էր տուել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնութիւն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրուել է ատամը: ԱԱԾ-ն գործ էր յարուցել, բայց գործը կարճուել էր, եւ արդէն սուտ մատնութեան հիմքով նոր գործ էր յարուցուել` իբրեւ թէ իր տուած տեղեկութիւնն իրականութեանը չէր համապատասխանում: Կալանաւորման հիմք հանդիսացել է համացանցում յայտնուած տեսանիւթ, որում Սեւատան խօսում է ինչ-որ անձնաւորութեան հետ եւ ասում` հեռախօսս լրիւ նստել է, ոստիկաններին շառ․․․ ու այդտեղ ընդհատւում է ձայնագրութիւնը: Պարզ չէ` որտեղ է այն արուած, որտեղից է յայտնուել, իրականում ինչ էր ուզում ասել Սեւատան», նշեց պաշտպանը:
Սերգէյ Յարութիւնեանը Սեւատա Ղուկասեանի կալանաւորման մէջ միտում կը տեսնէ:
«Ամէն օր տեսնում են անհամաչափ երբեմն յանցաւոր ուժի կիրառում, սակայն այդ գործերով ոեւէ ոստիկան ձերբակալուած չէ, իսկ անձը, որն ասել է, որ իր հանդէպ բռնութիւն է իրականացուել կալանաւորւում է: Այսպէս կարծես թէ ուզում են կանխել, որ ոեւէ մէկը հաղորդում չտայ», յաւելեց պաշտպանը: