«Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխության մասին տեղեկատվության մեջ մամուլը խոսեց նաև հայ հանրածանոթ ոսկերիչ Սևան Բըչաքչըի մասին: Պոլսահայ նշանավոր արվեստագետ-ոսկերչի պատրաստած զարդով՝ ութնոտուկ մատանի-թևնոցով է մրցանակաբաշխությանը ներկայացել հոլիվուդյան աստղ Վուպի Գոլդբերգը:
Այդ առթիվ Պոլսո «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արհեստի և գեղարվեստական աշխարհում միշտ փայլում է Սևան Բըչաչքըի աստղը: Լոս Անջելեսում կազմակերպված «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի Սևան Բըչաքչըի անունը աներևակայելիորեն հետաքրքիր և ինքնուրույն ստեղծագործությամբ հերթական անգամ օրակարգի վրա հայտնվի: Մրցանակաբաշխության ընթացքում ամերիկացի հայտնի արվեստագիտուհի Վուպի Գոլդբերգը կրել է Սևան Բըչաքչըի կողմից ստեղծագործված մատանին: Ութնոտուկի տեսքով այդ մատանին ծածկել էր հայտնի արվեստագիտուհու ամբողջ աջ ձեռքը: Մամլո սպասավորների հետաքրքրությունը հագեցնելու նպատակով նա տեղեկացրել է, թե այդ մատանին ստեղծել է Սևան Բըչաքչըն, և նրա պատրաստությունը տևել է ավելի քան մեկ տարի»:
Այդ առթիվ, ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ժամանակը», թուրքական մամուլն այսօր կրկին կենտրոնացել է Սևան Բըչաքչըի ու հատկապես ոսկերչության թանկարժեք քարերի աշխարհում նրա արձանագրած թռիչքի վրա:
«Նա Փակ շուկայից դուրս եկած վարպետ է և այժմ նվաճել է իր ասպարեզի բարձունքները: Սևան Բըչաչքըն այժմ մեր համայնքի տեսակետից էլ եզակի դեմք է, որի անձը խորհրդանշում է Փակ շուկայի հայ վարպետների ստեղծագործական հարուստ ավանդույթները: Թերթերը տեղեկացնում են, որ Սևան Բչաքչըն պատրաստվում է մոտ ապագայում նոր խանութ բացել Մայամիում»,-գրում է «Ժամանակը»: