Սեյրանուհի Գեղամյանը գրում է.
Այս լուսանկարը հավանաբար Անդրանիկ Ծառուկյանի վերջին լուսանկարն է կամ վերջիններից մեկը՝ վստահաբար:
1988 թվականի դեկտեմբերի 4-ն էր… Փարիզյան իր գեղեցիկ բնակարանում, նկատելիորեն ուրախ էր եւ հուզված: Բազմապիսի հարցեր էր տալիս Հայաստանից, ղարաբաղյան շարժումից, միտինգներից, երիտասարդության դիրքորոշումներից: Իրեն հատուկ պատկերավոր լեզվով ու նուրբ հումորով վերհիշում էր հայաստանյան իր այցելությունները, զանազան դեպքեր, դեմքեր: Երբեմն պայծառանում էր, երբեմն՝ մտահոգվում կամ խորասուզվում մտքերի մեջ:
Երկար զրուցեցինք՝ մինչեւ կեսգիշեր: Նաեւ լուսանկարվեցինք:
Մի քանի օր հետո եղավ դեկտեմբերի 7-ը՝ հայաստանյան ահեղ երկրաշարժը: Նորից այցելեցի նրան ու երկար արտասվեցինք լուռ, անմխիթար…
Հետո, արդեն Երեւանում ստացա այս լուսանկարը, որպես հիշատակ փարիզյան այն գեղեցիկ երեկոյի եւ կարճ մի երկտող՝ թե ուզում է Հայաստան գալ՝ ինչպես նշում էր՝ «վերջին անգամ»:
Բայց, հազար ափսոս, որ չիրականացավ այդ «վերջինը»: 1989 հունիսի սկզբին Անդրանիկ Ծառուկյանը հեռացավ երկրային կյանքից: