«ԱԱԾ պահեստազօրի սպաներու միութիւն» հասարակական կազմակերպութիւնը յայտարարութիւն տարածած է, ուր կ'ըսուի․
«100 օրից աւել է, ինչ կալանքի տակ է վաստակաշատ բժիշկ, բժշկագիտութեան դոկտոր, փրոֆեսոր Արմէն Չարչեանը` բազմաթիւ հիւանդների մահուան ճիրաններից փրկած, կեանք վերադարձրած անձնաւորութիւն, մարդ, ով այս օրերին էլ կարող էր շարունակել Տիրոջ կամքով իրեն շնորհուած մարդասիրական առաքելութիւնը:
Նրան կալանքի տակ պահելու իրաւական հիմքերի, մինչեւ դատավարութիւն ազատ արձակելու հնարաւորութիւնների մասին բազմիցս է խօսուել, սակայն իշխանութիւնների կողմից իջեցուած ակնյայտ քաղաքական պատուէրը շարունակում է անել իր սեւ գործը` կամակատարի կարգավիճակում պահելով դատական ատեանին: Վերջինս քաղաքական պատուէր իջեցնողի հետ ակնյայտօրէն մոռանում է, որ գալու է անխուսափ հատուցման պահն ու այն հնչելու է օրէնքի ողջ խստութեամբ:
Յատկանշական է, որ քաղաքացիական հասարակութեան թոյլ դիմադրութեան կողքին շարունակում է քար լռութիւն պահպանել բժշկական համքարութիւնը, որը կարծես թէ պիտի առանձնապէս շահագրգռուած լինէր կոլեգայի ճակատագրով: Իսկ առաւել զարհուրելին ՀՀ Առողջապահութեան նախարարութեան դիրքորոշումն է: Հրաշալի տեղեկացուած լինելով փրոֆեսորի ծանր առողջական խնդիրներից, դեռեւս Սեպտեմբերի 25-ին նշանակուած դատաբժշկական փորձաքննութիւնից ու դրա եզրակացութեան բացակայութիւնից` այն պահպանում է մահաշունչ լռութիւն:
Ոչ պակաս յատկանշական է ՀՀ-ում ներկայացուած միջազգային կազմակերպութիւնների, դեմոկրատական աշխարհի պիտակ կրող երկրների դեսպանատների, դիւանագիտական ներկայացուցչութիւնների պահուածքն ու վարքագիծը, որոնք, զորօրինակ, մի թիթեռնիկի համար կարող են համաշխարհային աղմուկ բարձրացնել, բազմաթիւ օրէնքների ու օրինագծերի փոփոխման, խմբագրման հարց բարձրաձայնել, սակայն այս դէպքում քար լռութիւն են պահպանում, ինչպէս համրախօս եղան Արցախեան պատերազմը սանձազերծած Ատրպէյճանին դատապարտելու, ակրեսորի գնահատականը տալու հարցում:
Հարկ ենք համարում զգուշացնել, որ պահպանուող յանցաւոր անտարբերութիւնն աններելի է, իսկ պատեհապաշտութիւնը, երկակի սթանտարտներով գործելը վատ նշան` այն անխուսափելիօրէն ունենալու է պումերանկի էֆեքթ»: