Սա իշխանութիւնն ամէն գինով պահելու նպատակով օրէնքի եւ պետական կառոյցներու չարաշահման վտանգաւոր գործելաոճ է: Այս մասին նշած է «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանաւանի մէջ ձերբակալութիւններու մասին:
«Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինեանի իշխանութեան կողմից ընտրական գործընթացների խախտումների եւս մէկ դրսեւորման։
Ստեփանաւանում ՏԻՄ ընտրութիւններից ընդամէնը օրեր առաջ ձերբակալուել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան` Ստեփանաւանի համայնքապետի թեկնածու Արսէն Գէորգեանը եւ 14 համակիր։ Քաղաքական դրդապատճառներով եւ նպտակայարմարութիւնից ելնելով`կիրառուել են թաքնուած տեսախցիկներով արուած տեսագրութիւններ եւ տարածուել մոնտաժուած տեսանիւթեր։ Սա ժողովրդավարութիւն չէ։
Սա իշխանութիւնն ամէն գնով պահելու նպատակով օրէնքի եւ պետական կառոյցների չարաշահման վտանգաւոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշուեյարդարը ներկայացւում է որպէս արդարադատութիւն։ Մենք ականատես ենք լինում նոյն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եւրոպական կառոյցները քննադատեցին Փաշինեանի իշխանութեանը յունիսեան համապետական ընտրութիւններից յետոյ։
ԵԽԽՎ վերջին զեկոյցի համաձայն՝ ընտրատեղամասերի, գրեթէ, կէսում արձանագրուել են ընտրական խախտումներ։ Փաշինեանը խօսում է ժողովրդավարական ընտրութիւններից, նրա գործողութիւնները, սակայն, բնորոշ են բռնապետին։ Այս ձերբակալութիւնները ոչ միայն հակաժողովրդավարական են, այլեւ հակասում են Ստեփանաւանի՝ փոփոխութիւններ ցանկացող քաղաքացիների շահերին։ Փաշինեանը ցանկանում է ամբողջութեամբ վերահսկել Հայաստանը, որպէսզի կարողանայ կատարել Ալիեւի բոլոր պահանջները եւ գնալ նոր զիջումների։ Այդպիսի զիջումներից է Հայաստանի համար ոչ շահաւէտ TRIPP-ի տարբերակը, որը ծառայում է Ադրբեջանի, այլ ոչ թէ Հայաստանի շահերին։ Նման զիջումները խաղաղութիւն չեն բերի, այլ միայն կը յանգեցնեն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի։ Փոփոխութիւններ լինելու են, դրանք մօտ են՝ չնայած Փաշինեանի գործողութիւններին։
Մենք կոչ ենք անում Ստեփանաւանի ընտրողներին չվախենա՛լ եւ մասնակցե՛լ քուէարկութեանը։
Ձեր քուէն գաղտնի է, եւ հենց ձեր մասնակցութեամբ փոփոխութիւնները կարող են սկսուել Ստեփանաւանից»,-նշուած է յայտարարութեան մէջ: