«Ես առանձնապէս սպասելիքներ չունեմ Հայաստան-Թուրքիա հերթական հանդիպումից, քանի որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով յայտարարել է, որ հայ-թուրքական յարբերութիւնների գործընթացը կապում է հայ-ատրպէյճանական բանակցային գործընթացի հետ»: Այս մասին ըսաւ թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:
Անդրադառնալով անոր, որ Ֆինլանտան եւ Շուէտը արդէն կրնան դառնալ ՆԱԹՕ-ի անդամ պետութիւն, Ռուբէն Սաֆրաստեան ըսաւ, որ Ֆինլանտան եւ Շուէտը ընդունած են Թուրքիոյ պահանջները:
«Հնարաւոր է, որ Պայտընը եւ Էրտողանը եկել են համաձայնութեան Ֆինլանտայի եւ Շուէտի մասով: Ֆինլատան եւ Շուէտը ընդունել են Թուրքիայի պահանջները: Թուրքիայի պահանջները շատ աւելի մեծ են եղել: Յատկապէս Քրտստանի բանուորական կուսակցութեան հետ կապուած, բայց Թուրքիան պահանջում էր, որ արգելուի քրտական այլ կազմակերպութիւնների գործունէութիւնը եւ այլն: Միւս կողմից Թուրքիայի պահանջները կապուած են եղել ԱՄՆ-ի հետ: Մասնաւորապէս` Թուրքիան ձգտում էր ԱՄՆ-ից ստանալ «F16» կործանիչների նորացուած տարբերակները կամ էլ իր ունեցած տարբերակները արդիականացնել: Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձաւ, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականութիւնը, այն է` Արեւմուտքի հետ մտնել առեւտրի` փորձելով մի բան կորզել, մի բան ստանալ: Միւս կողմից` Արեւմուտքը ցոյց տուեց, որ կարող է ճնշում գործադրել, եւ Թուրքիայից ստանալ այն, ինչն իրեն հարկաւոր է: Սա եւս մէկ անգամ փաստում է, որ Թուրքիան այն մակարդակի պետութիւնը չէ, որը ձգտում է իրեն ներկայացնել: Թուրքիան միջին պետութիւն է եւ ձգտում է իր գլխից վերեւ թռնել», ըսաւ Սաֆրաստեանը: