image

Պիտի ներկայացուի Խորէն Արամունիի «Կարմիր բերետով օտարականը» վէպը

Պիտի ներկայացուի Խորէն Արամունիի «Կարմիր բերետով օտարականը» վէպը

«Ապրիլ» գրատան կազմակերպութեամբ, Հինգշաբթի, Յունիս 25ին, երեկոյեան ժամը 7էն սկսեալ, տեղի պիտի ունենայ Խորէն Արամունիի նոր հրատարակուած՝ «Կարմիր բերետով օտարականը» վէպին ներկայացումը, Լիլիթ Խաչատրեանի (լեզուաբան-գրող) եւ Աշոտ Ադամեանի (բեմադրիչ-դերասան) մասնակցութեամբ։

Ներկայացումը տեղի պիտի ունենայ Հայկական արուեստներու կեդրոնին մէջ, որուն հասցէն է՝ 250 N. Orange St. Glendale, CA 91203։

Մուտքը ազատ է, իսկ յաւելեալ տեղեկութիւնների համար հեռաձայնել (818) 243-4112 թիւին։

Կազմակերպիչները կը գրեն․ ««Կարմիր բերետով օտարականը» իր բնոյթով սիրավէպ է։ Սակայն նիւթին զարգացումները տեղի են ունենում պատմական ու քաղաքական կարեւոր իրադարձութիւնների հենքի վրայ, ինչը հնարաւորութիւն է տալիս, մի կողմից՝ յետահայեաց արժեւորել ու ընդհանրացնել նախորդ տասնամեակների հայաստանեան կեանքի խորապատկերը, միւս կողմից՝ բարձրաձայնել հոգեբանական անչափ կարեւոր խնդիրներ, որոնցից շատերը, տարբեր հանգամանքների բերումով, դեռ շարունակում են մնալ արդիական։

«Խորէն Արամունի (Քէշիշեանը) արձակագիր, թատերագիր եւ թարգմանիչ է։ Ծնուել է 1948ին, Իրանում: Երկու տարի սովորել է Սպահանի համալսարանի հայագիտական բաժնում: 1969ին հայրենադարձուել է: 1975ին աւարտել է Երեւանի Պետական համալսարանի Բանասիրական բաժանմունքը, իսկ 1980ին արտագաղթել է Ամերիկա: Նրա գործերը տպագրուել են Ամերիկայի  հայալեզու թերթերում եւ ամսագրերում։ Համագործակցել է «Հայաստան» հեռուստահաղորդումներին: Հիմնադրել է «ԱՅԲ-ԲԵՆ» հրատարակչութիւնը եւ 1994ին եղել է «Գարուն» ամսագրի ներկայացուցիչը Ամերիկայում: 1992ին առաջին անգամ Հայաստանում լոյս է տեսել նրա «Յետմահու հարսանիք» պատմուածքների ժողովածուն: 2004ից Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) անդամ է: 2014ին պարգեւատրուել է Հայաստանի սփիւռքի նախարարութեան «Ուիլեամ Սարոյեան» շքանշանով: 2018ին իր գրական վաստակի համար արժանացել է ՀԳՄի շքանշանին: Արժանացել է Կալիֆորնիայի Ծերակոյտի, Լոս Անճելըսի գաւառի եւ տարբեր քաղաքների աւելի քան 14 պատուոգրերի: Հրատարակել է 18 գիրք, իսկ նրա աւելի քան եօթ թատերական գործերը բեմադրուել են թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ նրա սահմաններից դուրս։ Ամերիկայի եւ Հայաստանի քաղաքացի է: Դեռ ողջ է․․․»: