75 տարեկան հասակում կյանքից հեռացել է ճանաչված կինոգետ, արձակագիր, հրապարակախոս և մշակութային գործիչ Դավիթ Մուրադյանը։ Ցավալի լուրը հայտնում է Հայաստանի գրողների միությունը։
Դավիթ Մուրադյանն իր ուրույն ու անփոխարինելի տեղն ուներ հայ ժամանակակից գրականության, կինոգիտության և մշակութային կյանքում։ Նա երկար տարիներ ծավալել է ակտիվ մանկավարժական, գիտական և հասարակական գործունեություն։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր էր, իսկ 2014 թվականի հունիսի 2-ից մինչև 2018 թվականը եղել է նույն ինստիտուտի ռեկտորը։ Ղեկավարել է նաև Հայկական ազգային կինոակադեմիան։
2008–2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը։
1994–1996 և 2001–2008 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահը։
Հայ մշակույթին և կինոարվեստին մատուցած բացառիկ ծառայությունների ու վաստակի համար Դավիթ Մուրադյանին շնորհվել էր Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։