image

Հայաստանցի երաժիշտները՝ ի նպաստ Լիբանանի հայկական բուժարանի

Հայաստանցի երաժիշտները՝ ի նպաստ Լիբանանի հայկական բուժարանի

Լիբանանահայ հանդիսատեսը վերջերս հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու յուրահատուկ համերգի՝ հայրենի IM Project խմբի երգիչների մասնակցությամբ։  Համերգը կազմակերպել էր  Լիբանանի Ազունիեի Հայ Ազգային Բուժարանի խնամակալությունը, որի հրավերը ընդունելով՝ Բեյրութ էր ժամանել հայաստանյան երաժիշտների խումբը։ Համերգից ստացված գումարն ուղղվել է Ազգային Բուժարան, որտեղ բնակվում եւ մշտական խնամք են ստանում մեծ թվող հայ կանայք եւ տղամարդիկ։ 

«Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում կայացած համերգին ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարմեն Բաղդասարյանը, Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսյանը, հոգեւոր հայրեր, պետական ներկա եւ նախկին պատգամավորներ ու նախարարներ, ինչպես նաեւ հայկական կուսակցությունների եւ միությունների ներկայացուցիչներ եւ մեծ թվով երաժշտասեր հայեր։

Բուժարանի խնամակալության անունից խոսքով հանդես եկավ տիկին Սոսի Փոլադյանը, որ ներկայացրեց բուժարանի գործունեությունը եւ բացատրեց բարեսիրական նախաձեռնության նպատակը՝ ապահովել պատսպարվածների արժանապատիվ կեցությունը։ Այնուհետեւ ցուցադրվեց բուժարանի մասին պատրաստված տեսանյութ։

IM Project խմբի անդամները շուրջ երկու ժամ շարունակ հանդիսատեսին պարգեւեցին բարձրաճաշակ հայկական երաժշտություն եւ երգեր՝ իրենց յուրահատուկ ու տպավորիչ կատարումներով։

Երգացանկը ներառում էր ազգային, սիրային, ազգագրական եւ հայրենասիրական ստեղծագործություններ, ինչպես նաեւ Երեւանին նվիրված երգեր։ Ներկաները մեծ խանդավառությամբ ընդունեցին կատարումները, միացան երգերին, պարեցին եւ երկարատեւ ծափահարություններով գնահատեցին արտիստների աշխատանքը։