«Հրապարակ» թերթը կը գրէ.
«Չնայած արդէն մի քանի օր է՝ հայկական սուվերեն տարածքի նկատմամբ ատրպէյճանցիները ոտնձգութիւններ են իրականացնում, իսկ երէկ լայնածաւալ ռազմական գործողութիւններ սկսուեցին Սիւնիքի մարզի Սիսիանի հատուածում, սակայն հայկական կողմը յապաղում էր դիմել ռուսական կողմին` օգնութեան խնդրանքով:
Միայն երէկ ԱԽՔ Արմէն Գրիգորեանը յայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյութիւն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու կոչով»։ Եւ ասաց, որ գրաւոր ընթացակարգով պաշտօնապէս կը դիմեն։ Սակայն խնդիրն անգամ պաշտօնապէս` որպէս պետութեանը դիմելը չէ, այլ Հայաստանում եւ Արցախում տեղակայուած ռուսական զօրամիաւորումների հետ տարրական համագործակցութիւնը:
Մինչեւ վերջերս թէ՛ Արցախում, թէ՛ Սիւնիքի սահմանային գօտում ցանկացած միջադէպի ժամանակ, անգամ երբ ատրպէյճանցիները մի ոչխար են առեւանգել հայ գիւղացուց, հայկական կողմը կապ է հաստատել ռուսական խաղաղապահների ղեկավարութեան հետ եւ փորձել է հնարաւորինս արագ եւ անկորուստ շտկել իրավիճակը։ Ինչ-որ պահից այդ համագործակցութիւնը դադարել է, եւ ռուսներին այլեւս չեն դիմել: Մենք տեղեկացանք, որ ռուսները զարմացած են հայ պաշտօնեաների այս անփութութիւնից ու անտարբերութիւնից»: