451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից են:
Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է:
Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց Եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլեւ մկրտության եւ Ս. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաեւ ավազան, եւ եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին: Եվ առավոտյան Ս. հաղորդություն ընդունեցին», -գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Վարդանանց տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Վարդանանց տոնը նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցիներում Ս. Պատարագից հետո կատարվում է Հայրապետական Մաղթանք:
Մայր Աթոռ