Գեղարքունիքի մարզում գործող «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի լավագույն սաներից մեկը՝ հարձակվող Վարդան Թովմասյանը հրավիրվել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական, տեղեկանում ենք «Անդրանիկ» ակումբից։ Ակումբի ղեկավարությունը միաժամանակ հայտնում է, որ այս հաջողությունը ակումբի այս տարվա երկարատեւ համառ աշխատանքների արդյունքներից է։
Հիմնվելով Գեղարքունիքի մարզում (Վարդենիս)՝ ակումբը նպատակ ունի հայկական ֆուտբոլի զարգացման համար միավորել Գեղարքունիքի մարզի եւ այդ տարածաշրջանի ֆուտբոլասերներին, ֆուտբոլի մասնագետներին, մարզիչներին եւ ֆուտբոլիստներին։
«Անդրանիկ» Ֆուտբոլային ակումբի նախագահը ամերիկաբնակ հասարակական-գործիչ, ազգային բարերար Վարդան Նազերյանն է, որ ջանք չի խնայում ակումբի միջոցով մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելուն, ինչի արդյունքները զգալի են այս եւ անցնող տարիներին։ Օժանդակություն իրականացնելով սահմանամերձ մարզում՝ Նազերյանը նաեւ հեռավոր համայնքային զարգացման գործին իր նպաստն է բերում։
Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական հրավիրվելով՝ Վարդան Թովմասյանը հունիսի 1-ից մասնակցել է մարզական հավաքի, եւ արդեն երեկ՝ հունիսի 5-ին, նա մեկնել է Մոլդովա՝ ազգային գույները ներկայացնելու Վրաստանի Մ-19 եւ Մոլդովայի Մ-19 եւ Մ-20 հավաքականների դեմ ընկերական խաղերում։