image

Րաֆֆի Գավուքյանին շնորհվել է Կանադայի պետական բարձրագույն պարգեւը

Րաֆֆի Գավուքյանին շնորհվել է Կանադայի պետական բարձրագույն պարգեւը

Նշանավոր հայ երգիչ, երգահան, բնապահպան եւ հասարակական գործիչ, հակապատերազմական շարժման ակտիվիստ Րաֆֆի Գավուքյանին շնորհվել է  Կանադայի բարձրագույն քաղաքացիական պարգեւը՝  Կանադայի շքանշանը։

Մեր հայրենակիցն այդ շքանշանին է արժանացել  մշակութային գործունեության, երեխաների բարեկեցության եւ շրջակա միջավայրի պահպանության համար իր տասնամյակների աշխատանքի համար։  Նրա գլխավորած «Raffi Foundation for Child Honouring» հիմնադրամի աշխատանքն առաջ է տանում այն գաղափարները, որի իրականացման համար տրվում է Կանադայի բարձրագույն պարգեւը։ 

Գլխավոր նահանգապետի գրասենյակը Րաֆֆի Գավուքյանին նկարագրել է որպես սիրված երգահան եւ արվեստագետ, որի երգերը ազդեցություն են ունեցել սերունդների վրա՝ սիրո, շրջակա միջավայրի պահպանության եւ սոցիալական պատասխանատվության ուղերձներով։

Երգելուց բացի Գավուքյանը ներգրավված է եղել շրջակա միջավայրի  պաշտպանության գործում, մասնակցել է սոցիալական շարժումների՝ հաճախակի անդրադառնալով այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ երեխաների առեւտրային շահագործումը եւ կլիմայի փոփոխությունը։ Նա այդ աշխատանքն արել է իր երաժշտության, գրականության եւ հրապարակային ելույթների միջոցով։

Րաֆֆի Գավուքյանը ծնվել է Կահիրեում՝ 1948 թվականին։ Նրա ընտանիքը 1958 թվականին գաղթել է Կանադա եւ հաստատվել Տորոնտոյում։ Ընտանիքի երեխաների դաստիարակությունը ձեւավորվել է ուժեղ գեղարվեստական միջավայրում։ 1970 ականների սկզբին Րաֆֆին սկսել է երգել ժողովրդական երգեր, իսկ ավելի ուշ գտել է իր տեղը՝ ստեղծելով երաժշտություն երեխաների համար, 1976 թվականին թողարկել է «Singable Songs for the Very Young» ալբոմը, որը Կանադայում վաճառվել է ավելի քան 300 հազար օրինակով։ 

Գավուքյանին հաճախ անվանում են «մանկական երաժշտության արքա», իսկ  նրա երգերը նկարագրում են որպես «անգլիախոս աշխարհում ամենամանկական երգեր»։  Թողարկել է քսանից ավելի ալբոմ եւ արժանացել  Գրեմմիի երեք անվանակարգի, այդ թվում՝ 1987 թվականին «Everything Grows» երգի համար, 1988 թվականին՝ «Raffi in Concert with the Rise and Shine Band» երգի համար եւ 37-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ «Bananaphone» երգի համար մանկական լավագույն ձայնագրության անվանակարգում։

Նրա պապը (Հովհաննես Գավուքյան) հայրը (Արթին Գավուքյան) ու եղբայրը (Օննիկ Գավուքյան) հայտնի լուսանկարիչներ էին։