image

ՀՅԴ Բյուրո. Դաշնակցությանն արատավորելու՝ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ին, այլև Իրանին

ՀՅԴ Բյուրո. Դաշնակցությանն արատավորելու՝ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ին, այլև Իրանին

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հայտարարությունը տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ԱԺ-ում ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

«ՀՅ Դաշնակցության Բյուրոն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղությամբ չափազանց ուշագրավ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետության հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ երկրի հյուսիսարևմտյան հատվածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի բռնազավթված տարածքներին ու Ադրբեջանին։

 

Իրեն հարևան գրեթե բոլոր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրածովքից մինչև Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետությունը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելավել Կասպից ծովի ավազանում և Իրանի հյուսիսային հատվածում։ Թշնամական որոշ շրջանակներ նույնիսկ բացահայտ ակնարկում են Իրանում միջէթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։

Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված և պատերազմական հանցագոր­ծություններով ուղեկցվող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին հաջողվել է Հարավային Կովկասը մտցնել աշխարհա­քաղաքական սակարկությունների նոր հորձանուտի մեջ և էապես վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։ Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրու­թյունը նախ և առաջ ուղղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ավանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ունեցող պետությունների դեմ։ Ըստ հավաստի տարբեր հրապարա­կումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել «ծայրահեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպես և ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի։

Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը չի՛ կարող վերաբերվել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը։

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում։

 

ՀՅ Դաշնակցությունն իր ամբողջ կարողականությամբ՝ Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական հարաբերությունների ճանապարհով շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ադրբեջանաթուրքական տանդեմի հանցագործ մտադրությունների իրականացումը կանխելու ուղղությամբ»։

 

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

5 հոկտեմբերի 2021 թ.