image

ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի նախագահը քննարկած են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի նախագահը քննարկած են տարածաշրջանային հարցեր

Նիկոսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակում քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։

ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու և շոշափելի արդյունքների շարունակականությունն ապահովելու հարցում Երևանում ու Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք կայացված որոշման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության խթանման ուղղությամբ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու պատրաստակամությունը։

Ընդգծվել է ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում երկու երկրների սերտ համագործակցության նշանակությունը՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներում։

Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի համապարփակ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ համատեղ ջանքերին։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության ճանաչմամբ խաղաղության պայմանագրի կնքման, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման շարունակականության ապահովման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել առավել լայն տարածաշրջանային նշանակություն ունեցող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությանը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերի։