Հանքավանում մեկնարկել է AI եւ տեխնոլոգիական մասնագիտությունների շուրջ առաջին դպրոցական ճամբարը Հայաստանում։
Այս նախաձեռնությամբ իրենց նոր կրթական համագործակցությունն ազդարարել են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։
Ճամբարը մաս է կազմում FAST-ի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրին եւ մինչեւ օգոստոսի 31-ն իր շուրջ է միավորելու շուրջ 300 ավագ դպրոցականի՝ ոչ միայն «ԱԲ սերունդ» ծրագրից, այլեւ Հանրապետության այլ դպրոցներից։
Դառնալով մասնագիտական կողմնորոշման հարթակ՝ ճամբարը հնարավորություն է տալու պատանիներին բացահայտելու AI-ի ու հարակից ոլորտների մասնագիտությունները, առողջապահության, իրավաբանության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում դրա կիրառությունները, ճանաչելու սեփական ուժեղ կողմերը, զարգացնելու արդի ու մրցունակ հմտություններ եւ ըստ անհատական հետաքրքրությունների կազմելու իրենց կարիերային ու անձնական աճի ուղին։
AMAA Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, ողջունելով ճամբարի մասնակիցներին, նշել է․
«Շատ ուրախալի է եւս 300 պատանու տեսնել «Շողիկ» ճամբարում, որն ավելի քան 55 000 երեխայի համար տարիներ շարունակ եղել է չափազանց հագեցած եւ տպավորիչ փորձառություն։ Վստահ եմ, որ պատանիները թե՛ ձեռք կբերեն նոր գիտելիքներ ԱԲ ոլորտում, թե՛ կվայելեն անկրկնելի ճամբարային առօրյան»։
FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանն էլ ընդգծել է արհեստական բանականության դարաշրջանում մարդկային ներուժի եւ հարաբերությունների կարեւորությունը․
«Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի տարբեր մարզերից նույն հետաքրքրությունները կիսող պատանիները կարողանան ծանոթանալ ու սովորել թե՛ ԱԲ ոլորտի փորձառու մասնագետների, թե՛ միմյանցից։ Համատեղ անցկացված ժամանակը պիտի դառնա նոր մասնագիտական հեռանկարների, գաղափարակիցների, կապերի ու համայնքի ստեղծման աղբյուր։ Մենք ուզում ենք տալ երեխաներին մեծ երազելու, կարծրատիպեր կոտրելու եւ ապագան երեւակայելու ու ստեղծելու համարձակությունը»։
Որպես համաիրականացնողներ՝ FAST-ը ապահովում է ճամբարի մասնակիցների բովանդակային եւ գիտելիքային, իսկ AMAA-ն՝ ճամբարային առօրյան՝ հագեցած խաղերով, ժամանցային եւ մրցութային ծրագրերով։
AI ճամբարը լինելու է շարունակական՝ ամեն տարի բացելով իր դռները պատանիների համար եւ տարածելով ապագայի տեխնոլոգիական մասնագիտությունների աշխարհը առավել մեծ թվով սովորողների շրջանում։
Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կառույցները համատեղում են ուժերը նաեւ արհեստական բանականության ոլորտում անվճար ու մրցունակ կրթության տարածման համար։ 2025-2026 ուսումնական տարուց ՀՀ բոլոր մարզերի ավագ դպրոցներում ներդրվելիք «ԱԲ սերունդ» ծրագիրը հասանելի է դառնալու նաեւ AMAA-ի Ավետիսյան դպրոցում՝ հնարավորություն տալով դպրոցականներին եռամյա ուսումնառության ընթացքում բացահայտելու աշխարհի ամենաարագ զարգացող եւ հեռանկարային ուղղություններից մեկը։