image

«Եթէ մեզ այսօր պատասխան չտուեցին, կտրուկ քայլերի ենք գնալու». բողոքի ցոյց՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց

«Եթէ մեզ այսօր պատասխան չտուեցին, կտրուկ քայլերի ենք գնալու». բողոքի ցոյց՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց

«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր կրկին դուրս եկած են բողոքի ցոյցի, անոնք կը պահանջեն բանալ իրենց կապարակնքուած աշխատավայրը եւ վերականգնել աշխատելու իրաւունքը:

«Արդէն 10-րդ օրն է, ինչ գործարանը պարապուրդի է մատնուած, ում դիմել ենք՝ ոչ ոք դեռ մինչ այս պահը մեզ պատասխան չի տուել, բոլորով նորից հաւաքուել ենք, ուզում ենք հասկանալ, ի վերջոյ այս Կառավարութիւնը մեզ պատասխան տալու՞ է, թէ ոչ, ուզում ենք ասել, որ պարոն Ծառուկեանը քանդուած գործարանները կառուցել է իր գումարով ու աշխատատեղեր է ստեղծել, գործարանների աշխատելու շնորհիւ բիւջէ գումար է մտնում:  Ես չգիտեմ, թէ աշխատակիցներին ինչ պատասխան տամ, մեր ընտանիքներն էլ են հարցնում, թէ ինչ է լինելու սրա վերջը:

Եթէ մեզ այսօր պատասխան չտուեցին, կտրուկ քայլերի ենք գնալու: Պետական մարմինները, եթէ մեր հարցին լուծում չեն տայ, մենք այլեւս մեր քայլերին պատասխանատու չենք լինի, համբերութեան բաժակը լցուել է, էլ չգիտենք ինչ անենք: Ամէն ինչի պատրաստ ենք, որովհետեւ չգիտենք ինչ անել, եթէ մեր երկիրը չի ուզում մեզ աջակցի, մենք էլ ամէն ինչ պէտք է անենք, որ մեր ընտանիքները պահենք»,-ըսած է աշխատակիցներէն մէկը:

Ցոյցի մասնակիցներն ընդգծած են՝ իրենք խաղաղ ցոյց կը կատարեն, ճանապարհ չեն փակեր, միակ խնդրանքը գործարանի բացումն է. «Ի՞նչ անենք, կտրուկ քայլերի գնանք, որ հասկանան այս ժողովուրդը մտահոգուած է: Պարտադիր պէտք է իջնենք Կառավարութեան շէ՞նք, որ մօտենան ու լսեն մեզ: Երկրի ղեկավարը որ եկաւ, ճանապարհներ փակելով դարձաւ երկրի ղեկավար, եթէ այդպէս դուր է գալիս, ուրեմն մենք էլ պէտք է գնանք փակենք»,- նշած է միւս աշխատակիցը:

Յիշեցնենք, որ Գագիկ Ծառուկեանին պատկանող «Մուլտի սթոուն» գործարանը փակ է: Տարածքը կապարակնքուած է իրաւապահ մարմիններու կողմէ՝ Ծառուկեանի ձերբակալութեան զուգահեռ իրականացուած լայնածաւալ խուզարկութիւններու շրջածիրէն ներս։