Բեյրութից տեղեկանում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը «Ս.Մեսրոպ Մաշտոց» շքանշանն է շնորհել բեյրութահայ մտավորական, թատերագիր և հրապարակախոս Արա Արծրունուն:
Մտավորականի գործունեությունը բարձր է գնահատվել Վեհարանում տեղի ունեցած պարգևատրման հանդիսության ժամանակ։
Արա Արծրունին ծնվել է Բեյրութում, գրել է ազգային և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ։ Աշխատակցել է լիբանանահայ մամուլին («Բագին»,«Կամար», «Սփյուռք», «Արծիվ» և «Ազդակ»)։ Եղել է «Ազդակ»-ի մշակութային ուրբաթօրյա էջի պատասխանատուն (1969-1972)։ Հեղինակ է բեմադրված կամ հրատարակված թատերկերի, այդ թվում՝ «Վահագն» (գրված 1976-ին, բեմադրված 1977-ին, Զոհրապ Յագուբյանի կողմից), «Միալար երաժշտություն» (գրված 1971-ին, բեմադրված 1980-ին, Զոհրապ Յագուբյանի կողմից), «Մժեղը» (Կամերային թատրոն, Արա Երնջակյան, Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ, Երևան, 2005), «Մժեղը» (Համազգային "Ժորժ Սարգսյան" թատերախմբի կողմից, Տորոնտո, Կանադա, 2004), «Անավարտ վեպ» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ, Երևան, 2008), «Պահածոյի տուփը» (բեմադրված 2011 թվականին, համազգայինի «Պետրոս Ադամիան» թատերախմբի կողմից՝ Նանսի Իսա Թորոսիանի բեմադրությամբ, Մոնրեալ և Տորոնտո, Գանատա)։