Շտապօգնութեան թիւ 6 ենթակայանի վարիչ Կարինէ Եկորեան անդրադարձաւ շտապօգնութեան վարորդներու բողոքի շարժումին եւ անոնց բարձրացուցած հարցերուն։
«Գործադուլի դէպք առաջին անգամ է տեղի ունենում, միշտ եղել են պահանջներ, բայց դրանք այսպիսի ընթացք չեն ունեցել։ Մարդկային առումով իրենք հասկացել են, որ չի կարելի Շտապօգնութեան մեքենան կանգնեցնել, որովհետեւ գործ ունեն հիւանդի հետ։ Եթէ մարդը գործ ունի հիւանդի հետ, նա պէտք է իր անձնականը պէտք է կողք դնի», ըսաւ ան։
Տնօրէնը նշեց, որ եթէ, այնուամենայնիւ, շտապ դէպք ըլլայ, վարորդները կ'արձագանգեն։ «Եթէ նայում ենք, ի հարկէ, ցած է աշխատավարձը, բայց եթէ այս պահին իրենք չգնան կանչերի, բարձրանալո՞ւ է աշխատավարձը։ Կանչերը շատ են, ծանրաբեռնուած են աշխատում, բայց, երբ գործ ունես հիւանդի հետ, գիտես, որ հիւանդը քո կարիքը ունի եւ չարձագանգել կանչին, կարծում եմ նորմալ չէ», ըսաւ ան։
Վարորդները նշեցին, որ եթէ տնօրէնը տեղեակ պահած է վերադասին, ինչու ոեւէ մէկը չէ հանդիպած իրենց հետ։ «Հասկանում ենք, որ աշխատավարձը մի ժամում չի բարձրանալու, բայց թող գան, ասեն` գնացէք աշխատեն, յաջորդ ամսուանից ձեր աշխատավարձը կը բարձրանայ։ Աշխատանքի ընդունուելուց պայմանները այսպիսին չի եղել»։
Վարորդները նշեցին, որ իրենք կը տեղափոխեն նաեւ «Քովիտ»ով հիւանդներ, այդպիսով նպաստելով վարակի տարածման, նոյնիսկ ախտահանման ժամանակ չունին։
«Նախկինում մէկ ժամ ախտահանւում էր մեքենան, հիմա կանչերի շատ լինելու պատճառով չենք հասցնում ախտահանել։ Նախարարութիւնը նոյնիսկ դիմակ չի տալիս, ամբողջ օրուայ մէջ 2 դիմակ են տալիս, այն դէպքում, երբ մօտ 10 «Քովիտ»ով հիւանդների հետ ենք շփւում, ղեկավարութիւնը ասում է` մենք գումար չունենք ձեր պահանջները կատարելու համար» ։