image

Սեւակ Արծրունի. «Ես հավատում եմ Հայաստանի ապագային»

Սեւակ Արծրունի. «Ես հավատում եմ Հայաստանի ապագային»

Հայաստանի կառուցապատման ասպարեզում տասնյակ նախագծեր իրականացրած եւ իրականացնող հայրենադարձ գործարար Սեւակ Արծրունին պատասխանում է «Արեւելք»-ի հարցերին: Հարցազրույցի առիթը օրերս մամուլում տպագրված մի հոդված է, որտեղ քննադատություններ են հայտնվել գործարարի եւ նրա իրականացրած բազում նախագծերից մեկի մասին:  

 

-Պարոն Արծրունի՛, նախ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա բիզնես միջավայրը:

-Հայաստանը կայուն երկիր չէ, եւ իր ստեղծման օրվանից երբեք չի եղել այդպիսին: Պատերազմները, աղետները, կոռուպցիան, հովանավորչությունը, անհանդուրժողությունը, արտագաղթն ու պաշտոնաթող պետական գործիչների կողմից ազգային հարստության արտահանումը, առաջին օրից մինչ այս պահը շարունակում են ահռելի վնասներ հասցնել երկրին եւ նրա կայուն զարգացմանը:

Վերեւում ներկայացված իրողությունները ֆատալիզմով ընդունելը սխալ է: Իրականում մեր երկրի տարբեր շրջանակներում, բոլոր ժամանակներում էլ, հնարավոր է եղել հանդիպել հայրենասեր եւ հեռատես, նույնիսկ երբեմն անշահախնդիր մարդկանց, ովքեր ողջունել եւ աջակցել են նոր մտքերին եւ ծրագրերին: Ես հավատում եմ Հայաստանի ապագային, ես հավատում եմ նրա կայացման մեջ սփյուռքահայ ներդրողների եւ հայրենադարձ ու ոչ հայ քաղաքացիների անշրջանցելի դերակատարությանը: Ես մեր երկրի ապագային հավատալու բոլոր հիմքերն ունեմ, եւ մեր նախաձեռնած բոլոր նախագծերը հաջողվել են, ու կշարունակեն շատանալ, մեծանալ, հաջողվել, եւ հուսով եմ՝ կարեւոր դերակատարություն ունենալ երկրի զարգացման հեռանկարում:

-Վերջերս համացանցում, իսկ երկու օր առաջ տեղական թերթերից մեկում Ձեր ընկերությունների դեմ գրություններ են պտտվում, որոնք կասկածի տակ են դնում գործարարի Ձեր բարի համբավը: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

-Իրականում ներկա պահին մեր ընկերությունները դիմագրավում են ընթացիկ որոշ դժվարություններ, որոնք ցանկացած հիմնարկության կյանքում էլ պատահում են: Այդ երեւույթները բնականաբար անհանգստություն եւ անհարմարություն են առաջացնում մեր հաճախորդների եւ բնակիչների շրջանակում: Այդ գրությունների նպատակն է խտացնել գույները եւ տագնապային, խուճապային մթնոլորտ ստեղծել: Օրինակ, այդ գրությունները ցանկանում են կարծիք ձեւավորել թե իբր մեր կապը մեր հաճախորդների հետ կտրված է, մինչդեռ մեր բոլոր ծրագրերում էլ ձեւավորված են հաճախորդների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ՝ հանձնաժողովներ, որոնք մեր կողմից շարունակաբար տեղեկացվում են գործերի ընթացքի մասին: Այդ հանձնաժողովները մեզ աջակցում են՝ շրջանցել մեր առաջ ստեղծված արգելքները: Իրականում ամեն ինչ վերահսկողության տակ է, եւ բոլոր խնդիրները լուծման ընթացքում են:

Ներկա պահին շրջանառվող գրություններն ու երկու օր առաջ լույս տեսած հոդվածը ինձ չեն զարմացնում: Ինչպես ասեցի՝ դրանց միակ նպատակն է իրարանցում առաջացնել մեր հաճախորդների շրջանակում, արդյունքում՝ արհեստական ավելի շատ սպառնալիքներ ստեղծել:

Նպատակը, հասկանում եք, շանտաժով մեզանից ինչ-որ փոքր ու մեծ զիջումներ ստանալն է: Նման ձեռագրերին, անիմաստ ցանկություններին մենք երբեք ընթացք չենք տվել եւ չենք տալու: Հայաստանում մեր անցած 30 տարվա ճանապարհը ապացույց է այն մասին, որ մենք սիրում ենք մեր երկիրն ու մեր ժողովուրդը, եւ գործել ու գործում ենք նրանց օգտին: Այս իրողությունն ապացուցող բազմաթիվ հայտնի փաստեր կան․ դրանցից են մեր կյանքի համեստ պայմանները, մեր բնակարանների վաճառքի արժեքը, մեր կառուցած եւ մեր կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակվող հարյուրավոր սփյուռքահայ ընտանիքները:

Այո՛, կան կոնկրետ մարդիկ, ովքեր ունեն հստակ նպատակներ, եւ նրանք փորձում են մեր դեմ իրականացնել հստակ ծրագրեր: Կարդալով այդ սրտխառնոց առաջացնող հոդվածը, ցանկացած պարկեշտ մարդ կգիտակցի մի քանի բան: Նախ այդ «անանուն մարդը» ոչ թե սիրիահայ հաճախորդներից է, այլ սիրիահայ հաճախորդների պարագան շահարկող անանուն գործող անձ: Այդ հոդվածն առաջին հերթին սպառնում է մեր հաճախորդների իրավունքներին՝ փորձելով առաջացնել տագնապային մթնոլորտ, անհիմն կասկածանքներ եւ դեպքերի անվերահսկելի զարգացում: Նայեք օրինակ վերնագիրը: Անհիմն, հոդվածի բովանդակությամբ չհիմնավորվող վերնագիր է: Նայեք բովանդակության մեջ օգտագործվող փաստարկները. անհիմն, չհիմնավորված ու տվյալ հարցերի հետ կապ չունեցող տեղեկությունների հավաքածու է:

-Պարոն Արծրունի, մենք էլ, լինելով հայրենադարձ, շփվում ենք հայրենադարձների հետ, որոնց մեջ շատ են Ձեր կառուցած շենքերում բնակվողները: Նրանք ունեն անհանգստություններ, սակայն նրանց բացարձակ մեծամասնությունը Ձեզ հարվածելու նման տրամադրություններ չունի եւ հարգում է Ձեզ: Այդ դեպքում, ո՞վ կարող է նման նպատակ հետապնդել, եւ ինչո՞ւ:

-Հարգելով մեր հասարակությունը, եւ, գործարար մթնոլորտը անտեղի ցնցումներից զերծ պահելու նպատակով, ճիշտ չենք գտնում ամեն մանրամասնություն հրապարակային քննարկել: Սակայն թույլ տվեք Ձեր հարցերին պատասխանել հարցերով: Ինչու՞ հենց այդ լրատվամիջոցում է լույս տեսել այդ հոդվածը: Ու՞մ է պատկանում այդ լրատվամիջոցը:

Ի՞նչ համբավ ունի այդ լրատվամիջոցը Հայաստանում: Ինչու՞ է ասվում որ ես հաճախորդների հետ կապս խզել եմ, երբ ցանկացած հաճախորդ կարող է այցելել մեր գրասենյակ, իսկ հաճախորդների զգալի մասն ուղիղ հեռախոսային կապ ունի անձամբ ինձ հետ: Ինչու՞  է հոդվածում հիշեցվում «Դրո»-ի գործը: Ու՞մ է ձեռնտու վարկաբեկել մեր գործարար համբավը… 

Այս հարցերի պատասխանները եթե գիտեք, կհասկանաք նաեւ թե ո՛վ, ի՛նչ նպատակ է հետապնդում:

Այո՛, մեր ընկերություններն ունեն խնդիրներ, որոնք բոլորն էլ ենթակայական պատճառներ ունեն, սակայն դրանք լուծման ընթացքի մեջ են, աշխատում են մեր աշխատակազմերը, մեր փաստաբանները, մեր տնտեսագետները, մեր կապը հանձնաժողովների հետ արդյունավետ է, ինչպես նաեւ՝ պետական բոլոր մարմինների հետ եւ այդ ամենը դրական ներգործություն ունի հարցերի դինամիկ լուծման մեջ:

Մենք Հայաստանում ունենք տասնյակ հզոր ծրագրեր, որոնք բոլորն էլ ընթացքի մեջ են, մի քանի կոռումպացված, ընդ որում ոչ պետական, ստվերից գործող մարդկանց փոքր ու մեծ ախորժակները երբեք մեր ընթացքը չեն զսպել, ընդամենը դժվարություններ են ստեղծում մեր ճանապարհին, որոնք էլ անցանկալի հետեւանքներ են ունենում մեր, մեր գործընկերների եւ մեր հաճախորդների համար:

Ես այս թեմայով հարցազրույցի չէի համաձայնվի, եթե չլինեին մեր որոշ հաճախորդների հորդորները՝ խոսե՛լ այս թեմայով: Իրականում նման հոդվածագրերին ու մութ տեղերից գործող խառնակիչ բանսարկուներին պատասխանելը սխալ է, սակայն այս անգամ բացառություն ենք անում եւ կոչ ենք ուղղում մեր բարեկամներին, գործընկերներին, հաճախորդներին եւ բնակիչներին՝ ուշադրություն չդարձնել համառորեն պտտվող «ըսի-ըսավ»-ներին, «պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներին»: Նաեւ հորդորում ենք՝ բոլոր հարցերի համար դիմել մեր գրասենյակ կամ հանձնաժողովներին:

-Պարոն Արծրունի՛, այլ ասելիք ունե՞ք այս առիթով:

-Հայաստանում հայրենադարձ գործարարները հավասար իրավունքներ ունեն, ինչ՝ մյուս գործարարները: Հայաստանում պաշտոնյայի բարեկամ լինելը պայման չէ երկրում խոշոր գործարար լինելու համար: Հայաստանը մեր բոլորինս է, իսկ առանց բոլորիս ու առանց մեր նախաձեռնողականության, այն ապագա չունի: