Իրաք․ Քրդստանի Հալաբջա շրջանի նռան տոնավաճառը վերածվել է փառատոնի՝ դառնալով աշխարհի այս տարվա ամենամեծ նռան փառատոնը։
Փառատոն է այցելել ավելի քան 400,000 մարդ․ տոնավաճառը Քրդստանին բերել է 1.7 միլիարդ դինար հասույթ։ Խոշոր այդ հասույթը գոյացել է ընդամենը երեք օրում՝ հաղորդում են Քրդստանի նշված մարզի իշխանությունները։
«Մեր վիճակագրության համաձայն, այցելուների թիվը հասել է 419,700 մարդու»,- ասել է Հալաբջայի զբոսաշրջության վարչության ղեկավար Չիա Քասիմը: «Այս այցելուներից 35-40%-ը նաեւ այցելել են տարածաշրջանի այլ տեսարժան վայրեր, իսկ բոլոր հյուրանոցները եւ խանութները համարյա ամբողջ շաբաթ լեցուն էին, այդ թվում՝ կիրակի եւ երկուշաբթի օրերին»:
Հալաբջայի Նռան եւ Ոսկե աշնան տոնավաճառն ամենամյա տոն է, որը կերտում է Քրդստանի մարզի համբավը՝ համարվելով նաեւ տարածաշրջանի ամենահայտնի նռան փառատոնը։
1.7 միլիարդ դինարից 700 միլիոնը ստացվել է գյուղատնտեսական արտադրանքից, 800 միլիոնը՝ սննդի վաճառքից, իսկ 200 միլիոնը՝ ձեռագործ աշխատանքների վաճառքից: Իշխանությունները հավելել են, որ այս թվերը կարող են բարձրանալ հաջորդ օրերին: Որոշ տվյալներով, սպասվում է մինչեւ 1 միլիոն այցելու։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Քրդստանի տարածաշրջանը տարեկան արտադրում է ավելի քան 80,000 տոննա նուռ, որից մոտ 30,000 տոննան՝ Հալաբջայի շրջանից:
2022 թվականին Հալաբջայի նուռն առաջին անգամ արտահանվել է Արաբական ծոցի երկրներ՝ արձանագրվելով իբրեւ Քրդստանի տարածաշրջանի առաջին ոչ նավթային արտահանումը եւ բացելով տնտեսական բազմազանության նոր ուղիներ։