image

«Իրենք պատասխան են տալու» Ռոպէրթ Քոչարեան

 «Իրենք  պատասխան են տալու» Ռոպէրթ Քոչարեան

Ազատութեան հրապարակը «Հայաստան» դաշինքի հրաւիրած հանրահաւաքի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոպէրթ Քոչարեան նշեց,- «Պատերազմի վերաբերեալ ուզում եմ ներկայացնել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ. Առաջին, այս իշխանութիւնը արեց ամէն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: 

Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականութեան  դաշտ, ըստ էութեան հրահրեց պատերազմ: Փաստ երկրորդ. Այս իշխանութիւնն արեց ամէն ինչ այս պատերազմում պարտուելու համար: Գիտակցաբար, թէ ոչ, այլեւս կարեւոր չէ, իսկ սխալ քայլերով յիմարութիւններով: Պարտութիւնը սկսուել է աւելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, քատրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պէտք էր ոչ թէ մարտունակ բանակ, այլ պետք էր իրենց հաւատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հաւատարիմ է մէկ մարդու, չի կարող լինել մարտունակ:

Փաստ երրորդ, ամբողջ 44 օրուայ ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ: Դիւանագիտական լիարժէք ձախողում է եղել: Ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետութեանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ երբեք այսպիսի բան չի եղել: Բա մէկը չկա՞ր, զանգէիր ասէիր՝ մի դատապարտող մի բան ասա պատերազմ սկսողին: Էս ի՞նչ վիճակում էք յայտնուել: Հիմա այդ մարդիկ խաղաղութեան դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում: Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար»,- յայտարարեց Քոչարեան:

Քոչարեանի խօսքով, ամէնէն անհասկնալին այն էր, երբ Հայաստանը դատապարտուեցաւ Գեանջային հարուած հասցնելու համար. «Փաստ 4-րդ. Պատերազմը կանգնեցնելու հնարաւորութիւնը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տուեալներով նաեւ հոկտեմբերի 7-ին: Այդ հնարաւորութիւնը մերժեց յանցաւոր բացատրութեամբ: Ուրեմն  բոլոր այդ օրերից յետոյ բոլոր զոհուածների մեղքը այս իշխանութեան խղճի վրայ է: Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բաւարար է: Այս փաստերն ամրացուած են պաշտօնեաների խոստովանական ելոյթներով, յայտարարութիւններում: Իրենք պատասխան են տալու այս ամէն ինչի համար»,-ընդգծեց երկրորդ նախագահը: