Հունահայոց թեմը՝ իր թեմական խորհրդով ու հավատացյալ զավակներով, հավատով ու սիրով վերանորոգում է իր անխախտ նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսության և հատկապես նրա ազգընտիր գահակալին՝ Նորին Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդին։
Մենք մշտապես կանգնած ենք Սուրբ Եկեղեցու և նրա Հոգևոր կենտրոնի՝ Սուրբ Էջմիածնի կողքին՝ աղոթքով, սիրով և հնազանդությամբ։ Մենք հավատով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ իր երկնային օրհնությամբ և աջակից շնորհներով ամրապնդի ու պայծառացնի Հայոց Հայրապետի ծառայությունը՝ ի բարօրություն ողջ Հայ Եկեղեցու և մեր ազգի։
«Ամեն հայի սրտից բխած՝ լսիր այս ձայնն, ով Աստված․ Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր»։
Թող Ամենակալ Աստված խաղաղություն պարգևի Սուրբ Էջմիածնին, զորացնի իր աթոռանիստ Հայրապետին և սիրով լցնի ողջ հայ ժողովրդին՝ միաբան հավատքի, բարեպաշտության և ազգասիրության ոգով։