Պէտք է ոչ թէ յայտարարութիւններով օրինականացնել անոնց ներկայութիւնն ու արարքները, այլ աշխատանքներ տանիլ զանոնք հեռացնելու ուղղութեամբ: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի այն յայտարարութեան, որ այսօրուընէ ատրպէյճանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց վերահսկողութեան տակ գտնուող հատուածներուն մէջ մաքսակէտեր պիտի տեղադրեն եւ սահմանային վերահսկողութիւն իրականացնեն:
«Հրապարակային անակնկալով հանդէս եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար, պարտաւոր է պարզաբանել, թէ (առնուազն).
1. Ինչպէ՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ատրպէյճանական սահմանային ու մաքսային վերահսկողութեան պայմաններում մարդկանց եւ ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը.
2. Արդեօ՞ք գիտակցում է, որ այս գործառոյթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրաւունքների սահմանափակումներ ատրպէյճանական իրաւապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, յարուցել քրէական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկութիւնների եւ այլն.
3. Ինչպէ՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկող ՀՀ [յարակից գիւղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրաւունքները (օրինակ՝ ո՞ւմ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) եւ ինչպէ՞ս է պատկերացնում ատրպէյճանական օրէնսդրութեան կիրառումը նրանց նկատմամբ.
4. Ինչպէ՞ս է ապահովուելու իրաւունքների խախտումներ թոյլ տուող ատրպէյճանական սահմանային ու մաքսային մարմիններու պատասխանատուութիւնն ու պատիժը:
Յ.Գ. Իրականում, ատրպէյճանական զինուած ծառայողների, իրաւապահ մարմինների ներկայութիւնն ու առաւել եւս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրաւական հիմքերից) ի սկզբանէ:
Պէտք է ոչ թէ յայտարարութիւններով լեկիթիմացնել նրանց ներկայութիւնն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղութեամբ», նշած է Թաթոյեանը: