Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ Ֆրեզնոյից կրկին բժիշկների խումբ է ժամանել Հայաստան: Սա բժշկական առաքելության վեցերորդ այցն է Հայաստան: «Արեւելքը» բժշկական առաքելության խմբից տեղեկացավ, որ Հայաստան ժամանած մասնագետներն այս անգամ ուշադրություն կդարձնեն 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների բուժման եւ վերականգնման վրա:
Խումբը կազմված է 40 բժիշկներից, նրանք 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում, կմեկնեն մարզեր, տարբեր բժշկական կենտրոններում կհանդիպեն ինչպես պատերազմի վիրավորների, այնպես էլ՝ բնակչության հետ, անվճար բուժօգնություն կտրամադրեն նրանց:
Հատկանշական է, որ բժիշկները Հայաստան են ժամանել կորոնավիրուսային համաճարակի հարուցած դժվարությունների պայմաններում:
Այս տարի բժշկական առաքելությանը միացել են նաեւ բժիշկներ այլ քաղաքներից, այդ թվում` Կենտուկիից, Դետրոյտից, Չիկագոյից, Լոս Անջելեսից:

