2021 թուականի Մայիս 12-ին ատրպէյճանական զինուած խմբաւորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ` Վարդենիսի տարածաշրջան, այլեւ ՀՀ ինքնիշխան տարածք մտան Սիւնիքի մարզի Սեւ լճի հատուածին մէջ ` խորանալով մինչեւ 3 քմ, կը գրէ «Հետք»ը:
«Գեղարքունիքի մէջ թշնամիի բռնագրաւած առնուազն 3200 հա (32 քմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշուի առնելով ամերիկեան «Google» ընկերութեան քարտէզի թարմացումները` այդ թուի մէջ չենք ներառել Վարդենիսի Կութ գիւղի հատուածում ատրպէյճանցիների յառաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտէզում չի երեւում:
2021-ի Մայիսին Վարդենիսի հատուածում թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքից գրաւել է առնուազն 3200 հեկտար:
Այս անգամ կ'անդրադառնանք Սեւ լճի հատուածում թշնամու բռնագրաւման, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի եւ Փոքր Իշխանասար գագաթների միջեւ ընկած տարածքը, ներառեալ` Սեւ լիճն ու դրա հարեւան Ջիլի լիճը:
Մայիսի 12-ին ատրպէյճանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին յարակից բարձունքները ՀՀ ինքնիշխան տարածքում` հսկողութիւն սահմանելով ոչ միայն դրանց եւ աւելի ցածրադիր տարածքների հանդէպ, այլեւ տեսադաշտ բացելով դէպի Գորիս: Ըստ խորհրդային քարտէզների` Հայաստանի ու Ատրպէյճանի սահմանն անցնում է Սեւ լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտէզի, 1,7 քմ է (170 հեկտար), որից Ատրպէյճանի տարածքում է գտնւում 0,3 քմ-ն (30 հա), այսինքն` ընդամէնը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը յայտնուել է թշնամու վերահսկողութեան ու դիտարկման տակ»: