Արցախի պետական նախարար Գուրգէն Ներսիսեան յայտարարութիւն տարածած է Ատրպէյճանի կողմէ իրականացուող ուժանիւթի, տնտեսական, մարդասիրական եւ բնապահպանական ահաբեկչութեան մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչութեամբ:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ըսուած է.
«Արցախի Հանրապետութեան 146-օր շարունակուող շրջափակման պայմաններում՝ յունուարի 9-ից ի վեր արդէն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլթ ելեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ ելեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ (ուժանիւթ), տնտեսական, հումանիտար (մարդասիրական) եւ բնապահպանական ահաբեկչութիւն, յաւելեալ դժուարութիւններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:
Ինչպէս մինչ այդ, այդպէս էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանել, իսկ մարտի 22-ից արդէն վերջնականապէս արգելափակել է նաեւ Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով կազի մատակարարումը, ինչը եւս յանգեցրել է հումանիտար եւ տնտեսական լրջագոյն խնդիրների, ինչպէս նաեւ ելեկտրաէներգիայի (ելեկտրականութիւն) ներքին արտադրութեան անխուսափելի աճի եւ ելեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնուածութեան:
Նման պայմաններում Արցախի Հանրապետութիւնը ստիպուած է կիրառել միայն ելեկտրաէներգիայի արտադրութեան ներքին ենթակառուցուածքը՝ բաղկացած 6 հիդրոելեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոելեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզօրութեան շուրջ 70 տոկոսը: Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից ելեկտրամատակարարման խափանումը Արցախի ներքին արտադրանքը բաւարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա յունուարի 9-ից բնակչութեան նուազագոյն էներգետիկ պահանջարկը բաւարարելու նպատակով Արցախի կառավարութիւնը ստիպուած է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառեալ՝ բոլոր հիմնական տնտեսական ձեռնարկութիւնների գործունէութեան դադարեցում, ելեկտրաէներգիայի ամենօրեայ հովհարային անջատումներ, գործող բոլոր ՀԷԿ-երի առաւելագոյն հզօրութեամբ շահագործում եւ այլն:
Արդիւնքում, ի յայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար եւ կենցաղային դժուարութիւններ, այլեւ լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապուած Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ: Անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ՝ այս տարուայ յունուարի 9-ից առ այսօր, ելեկտրաէներգիայի նուազագոյն ծաւալի արտադրութիւնն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնուել գրեթէ երեք անգամ աւելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ աւելի քիչ՝ պայմանաւորուած ընթացիկ տարուայ կլիմայի չորութեամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մօտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողութեան շուրջ 15%-ը), մօտենալով մեռեալ (չօգտագործելի) ծաւալին՝ շուրջ 70 մլն մ³:
Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչութեան ելեկտրամատակարարման հեռանկարը եւ խորացնում մարդկանց տառապանքները, այլեւ՝ արդէն յանգեցրել է շրջակայ միջավայրի վրայ բացասական մեծ ազդեցութեան, այդ թւում՝ աղբիւրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական եւ կենդանական տեսակների անկման եւ այլն: Իրավիճակի անյապաղ չկարգաւորումն ու Արցախի բնականոն ելեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիօրէն կարճ ժամկէտում կը յանգեցնի վերոնշեալ էներգետիկ, տնտեսական, հումանիտար եւ բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման եւ, վերջիվերջոյ, հումանիտար աղէտի:
Յատկանշական է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը անկախութեան ողջ ժամանակաշրջանում, ի տարբերութիւն խորհրդային տարիների, կիրառուել է բացառապէս Ադրբեջանի գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը: Այնուամենայնիւ, միտումնաւոր ու յանցաւոր կերպով խափանելով ՀՀ-ից Արցախ ելեկտրամատակարարումը, արհեստական էներգետիկ ճգնաժամ հրահրելով եւ ստիպելով արցախեան կողմին ակտիւօրէն օգտագործել Սարսանգի խիստ սահմանափակ ջրային պաշարները՝ Ադրբեջանն, ըստ էութեան, Արցախի ժողովրդին էներգետիկ, տնտեսական եւ բնապահպանական ահաբեկչութեան ենթարկելուց բացի, զրկում է նաեւ սեփական ժողովրդին ամառուայ շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բաւարար ոռոգման ջուր ստանալու հնարաւորութիւնից: Փաստօրէն, նաեւ նշուած յանցաւոր նպատակների համար էին Ադրբեջանի կառավարութեան՝ քաղաքացիական հագուստով գործակալները կամ «էկօ-ահաբեկիչները», իբր, այդքան եռանդուն պայքարում՝ շրջափակման մէջ պահելով Արցախի ժողովրդին։
Կանգնած լինելով Սարսանգի ջրային պաշարների ու Արցախի էներգաարտադրութեան ներքին հնարաւորութիւնների սպառման եւ հումանիտար աղէտի մօտալուտ վտանգի առջեւ՝ եւս մէկ անգամ կոչ ենք անում ողջ միջազգային հանրութեանը, համապատասխան միջազգային կառոյցներին, երկրների կառավարութիւններին եւ Արցախի ժողովրդի իրաւունքներով ու անվտանգութեամբ իսկապէս մտահոգ բոլոր անձանց, չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական եւ տնտեսական այս աղէտալի իրավիճակը եւ անյապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարուել նման միջնադարեան, ահաբեկչական ու դաժան պահուածքից թէ՛ մարդկանց, եւ թէ՛ շրջակայ միջավայրի նկատմամբ:
Կից՝ Սարսանգի ջրամբարի արբանեակային լուսանկարները՝ 2023թ. յունուարի 1-ի եւ ապրիլի 28-ի դրութեամբ՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 705.8 եւ 671.5 մետր բարձրութեամբ մակերեւոյթով»:
![]()