image

Հայաստանում մահմեդական ավանդույթներին համապատասխան «Հալալ» մթերք կարտադրվի և Իրան կարտահանվի

Հայաստանում մահմեդական ավանդույթներին համապատասխան «Հալալ» մթերք կարտադրվի և Իրան կարտահանվի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք:

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարևորել է Հայաստան-Իրան համագործակցությունը և նշել, որ երկու երկրների միջև գործակցությունը զարգացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են:

Նա նաև նշել է, որ Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակ բացելը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար: «Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակվորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը:

Տարասյանը կարևորել է նաև Հայաստանում և Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը և համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, ինչը փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար:

Աբաս Ղորբանին իր հերթին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ և ջանք չի խնայում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նա ևս կարևորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան և այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Ղորբանին նաև ավելացրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ բարձր որակի են և իրանական կողմը ևս շահագրգրված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնելու Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացման և սերտիֆիկացման մարմինների փոխադարձ ճանաչելիության գործընթացը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը և Մեղիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը: