ՆՅՈՒ ՅՈՐՔ -Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ամերիկայի հայ ոսկերիչների ասոցիացիայի» (AJA) Արեւելյան ափի մասնաճյուղի նախագահ է ընտրվել ոսկերչական ասպարեզի դիզայներ Անի Թութունջյան-Խաչյանը: Նա ասոցիացիայի պատմության մեջ առաջին կինն է, որ ստանձնում է այս պաշտոնը:
Ասոցիացիայի փոխանցմամբ՝ այս պատմական իրադարձությունն արտացոլում է AJA-ի Արեւելյան ափի մասնաճյուղի շարունակական զարգացումն ու «համաշխարհային ոսկերչական ոլորտում ղեկավար պաշտոններում կանանց աճող դերը»:
Անի Խաչյանը ոսկերիչների երրորդ սերնդի ներկայացուցիչ է, ունի տասնամյակների փորձ, ձեռնարկատիրական առաջնորդություն, ինչպես նաեւ նվիրվածություն ուսուցողական, պատասխանատու մատակարարման եւ մասնագիտական զարգացման ծրագրերին:
Նա անհատական պատվերներով եւ ընտանեկան զարդերի պատրաստմամբ մասնագիտացված «Ani Fine Jewelry» ընկերության հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:
2016 թվականից ի վեր զբաղեցրել է ղեկավար պաշտոններ AJA-ի Արեւելյան ափի մասնաճյուղում, իսկ ներկայումս հանդիսանում է «Jewelry Design Professionals Network»-ի տնօրենների խորհրդի անդամ:
Անի Թութունջյան-Խաչյանը 2025 թվականին արժանացել է «Women's Jewelry Association»-ի Սինդի Էդելշտեյնի անվան դիզայնի կրթաթոշակին: Ունի Ամերիկայի Թանկարժեք քարերի ինստիտուտի (GIA) Հավաստագրված ոսկերչական մասնագետի (AJP), ադամանդների եւ մարգարիտների փորձագետի որակավորումներ: Խաչյանը ծրագրում է մասնակցել նաեւ GIA-ի Ոսկերչական դիզայնի եւ տեխնոլոգիաների ծրագրին՝ CAD/CAM տեխնոլոգիաների, ինժեներիայի, արտադրության եւ նորարարությունների ոլորտում իր գիտելիքները խորացնելու համար:
Որպես ընտրված նախագահ՝ նա հանձնառու է ընդլայնել կրթական հնարավորությունները, աջակցել սկսնակ մասնագետներին, ամրապնդել էթիկական բիզնեսի փորձը, խրախուսել պատասխանատու մատակարարումը եւ խթանել համագործակցությունը ոսկերչական համաշխարհային համայնքում:
«Ինձ համար արտակարգ պատիվ է ծառայել որպես AJA East Coast-ի առաջին կին ընտրված նախագահ: Ավելի քան 25 տարի մեր ասոցիացիան մեծարել է հայերի վարպետությունը, ձեռնարկատիրությունն ու մասնագիտական գերազանցությունը: Ես շնորհակալ եմ մեր անդամների վստահության համար եւ ակնկալում եմ աշխատել խորհրդի հետ՝ ամրապնդելու անդամների ներգրավվածությունը, ընդլայնելու կրթական հնարավորությունները եւ շարունակելու բարձրացնել հայկական վարպետության հեղինակությունը համաշխարհային ասպարեզում»:
Անիի հայրը՝ լուսահոգի Կարո Թությունջյանը, 70-ականներին հայտնի էր որպես «ոսկերիչների ոսկերիչ»: Նա Հարավային Կալիֆորնիայում լեգենդար դեմք էր, ում անհատական հաճախորդների թվում էին Էլվիս Փրեսլին, Ֆրանկ Սինատրան եւ Բոբ Հոփը: Այդուհանդերձ, Անիի դաստիարակության գործում վճռորոշ դեր է ունեցել նրա մայրը՝ լինելով եւ՛ հովանավոր, եւ՛ ուսուցիչ, որ նրան փոխանցել է բիզնեսը հաջողությամբ վարելու համար անհրաժեշտ ձեռներեցության հմտությունները:
