Նիկոլ Փաշինեանը չէ յաղթած այս ընտրութիւններուն: Եթէ վերցնենք այն ընդդիմադիր ուժերը, որոնք, այսպէս ըսած, «վառեցին» ժողովուրդի քուէները, եթէ ատոնք չբաշխուէին, ՔՊ-ն չօգտուէր այդ քուէներէն, բոլոր հաշուարկներով կ՚երեւի՝ չեն յաղթած այս ընտրութիւններուն: Այս մասին ըսած է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամուէլ Կարապետեանը:
«Իրենք փորձում են գրանցել դա որպէս յաղթանակ, եւ ամենակարեւորը՝ իրենք եւ իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել այն նարատիւները, որ ընդդիմութիւնը չպէտք է վերցնի մանդատները, քանի որ եթէ մանդատներն ընդդիմութիւնը չի վերցնում, իրենք ստանում են հնարաւորութիւն՝ միանձնեայ կառավարել Ազգային ժողովը»,-նշած է ան:
Սամուէլ Կարապետեանն ըսած է, որ կան ուժեր, որոնք կ՚ապահովեն թէ՛ Սահմանադրական մեծամասնութիւն, թէ՛ ցանկացած քուէարկութիւն:
«Երկրորդ կողմում իշխանութեան լեգիտիմութիւն ապահովելու խնդիրն է: Ես ուզում եմ այդ հարցը քննարկելով ընդդիմադիր բոլոր ուժերի հետ՝ մենք հասկանանք՝ կը վերցնենք մանդատները, չենք վերցնի մանդատները մենք պայքարելու ենք:
Ինչ վերաբերում է մանդատների վերցնելուն, մենք դեռ ժամանակ ունենք: Մենք հիմա բողոքել ենք Սահմանադրական դատարան, ակտիւ մասնակցելու ենք այդ պրոցեսներին, քանի որ ՍԴ-ում լինելու է բաց քննարկում: Այդ օրերին կը լինի հանրահաւաքը, որի մասին ես յայտնեցի:
ՍԴ-ն պարտաւոր է կայացնել ճիշդ որոշում, քանի որ ոչ մէկը չի կասկածում՝ ԲՀԿ-ն անցել է 4% շեմը, բայց բոլորիս աչքի առաջ իրենք չեղարկեցին 2 ընտրատարածքի արդիւնք եւ հարցին տուեցին ամբողջովին ապօրինի լուծում: Դրա համար ուզում ենք ՍԴ-ում առաջին հերթին ճիշտդ որոշում կայացուի, նոր ընտրութիւններ եթէ պէտք է՝ անցկացուի:
Յոյսեր ունենք, որ ՍԴ-ն կը կայացնի ճիշդ որոշում, դրա համար յայտարարում եմ՝ այն կուսակցութիւնները, որոնք իրօք ցանկութիւն ունեն, որոնք իրօք պայքարում են, որոնք խաղ չեն խաղում Փաշինեանի հետ, մասնակցեն այս պրոցեսներին՝ բաց, թափանցիկ»,-ըսած է Սամուէլ Կարապետեանը: