Վրաց-հայկական սահմանին ձգվում են հայաբնակ վրացահպատակ գյուղերը՝ Չանախչի, Ախքյորփի, Խոժոռնի, Գյուլուբաղ, Բրդաձոր, որտեղ շնչում են հայկական անտառի խոնավ բույրը, խմում հայերի պատրաստած վրացական գինին և վայելում ծորուն մեղրը, և որտեղ յուրաքանչյուր հայ հայրենադարձ է իր ծննդավայրում:
Ճանապարհը դժվարանցանելի է: Հայաստանում վրացական բարեկարգ ճանապարհների մասին առասպելը ցնդում է Բագրատաշեն Ախկյորփին ճանապարհով անցնելիս: Վրացական մերձսահմանային տարածքից երևում է հայկական անտառը՝ հայաբնակ գյուղերին այդքան մոտ ու այդքան հեռու:
Ախկյորփին գյուղը վրացական տարածքում հայաբնակ է՝ վրացի համայնքապետ ունի և ադրբեջանցի բժիշկ: Համայանքապետը նշանակում են, իսկ բժիշկը գյուղում հազվադեպ է լինում, լինելուց էլ «սիրտը չի ցավում հայերի համար»:
Երկու կողմից էլ սահմանային գոտի է Ախկյորփինը՝ Հայաստանի ու Վրաստանի միջև:
Անգամ ճանապարհները չեն ցանկանում, որ տեսնենք մեր հայրենակիցների տխուր առօրյան և այդ առօրյայի միապաղաղությունը: Հայկական հնամենի տխրության կա գյուղում: Տները, ցանկապատերը, մարդիկ, հայկական ճարտարապետության կնիքով տներն ու լռությունը փողոցներում ամեն ինչ վաղ անցյալի մասին են հուշում:
Չկա հայկական գյուղերին բնորոշ աղմուկը, երեխաների վազվզոցը, միմյանց կանչելու սովորությունը: Այստեղ կարոտ են հայ մարդու: Կանայք ևս չեն երևում, երևի տնային գործերով են: Ինչպես պարզվեց՝ կանանց համար «մեյդան» դուրս գալը, մեղմ ասած, ցանկալի չէ, անգամ խանութ չեն գնում, դա տղամարդկանց գործն է: Տղամարդկանց համար ամոթ է, որ իր կինը խանութ գնա. «Ոնց, ես թողնեմ իմ կինը գնա խանո՞ւթ»: Ինչ կա՝ կա: Չենք վիճում:
Ներգաղթյալը
Հայաբնակ գյուղ Ախկյորփինը շուրջ 300 տարվա պատմություն ունի: Ու թեև մի ժամանակ Հայաստանի կազմում էր, հիմա Վրաստանի, սակայն պահպանել է հայկականը իր վարք ու բարքով, իր ամուրի տղաներով, ու պապիկներով, բազմազգ տարածաշրջանի հետ շփումներով. բարի-դրացիական: Գյուղում ապրում է շուրջ 250-300 ընտանիք, թեև խոնավ էր եղանակը ու մառախուղ կար գյուղում, սակայն մառախուղի մեջ երևում էին կողպեքները, որոնք անցորդ-անծանոթների հետ խոսում էին արտագաղթի մասին:
Ինչպես ասում են՝ ջահելները գյուղից գնում են ավելի լավ կյանքի ակնկալիքով՝ կա՛մ Հայաստան, կա՛մ՝ Ռուսաստան, սակայն Ախկյորփին գյուղում նաև հայրենադարձ կա: Գյուղամիջում հանդիպեցինք Բեգլար պապին, նա արդեն 101 տարեկան է և վերադարձել է հայրենի տարածք ու զբաղվում է մեղվապահությամբ. ի դեպ առաջարկեց մեղր համտեսել-հյուրասիրել: Երևի ծորուն մեղր է, անեղծ պահպանված հայկական գյուղի մեղրը, որ հայկական անտառների և հայկական գյուղի վրացական բաղադրությունը ունի:
Բեգլար պապը հաճույքով է շփվում, պատմում է, որ երկու տղա ու մի աղջիկ ունի, տղաներն ապրում են Հայաստանում, աղջիկը՝ կողքի հայաբնակ Չանախչի գյուղում, գալիս իրեն «տեր է կանգնում», նայում է, հոգսերը հոգում ու գնում, պապը մենակ է ու մենակ, կինը նրան վաղուց է թողել այս աշխարհում:
Բեգլար Հակոբյան, 101 տարեկան
Պապը դժգոհում է. «Իրավիճակը քանի գնում հետ ա գնում, օգնություն չկա պետության կողմից: Պետք ա ստեղ լավ մտիկ անեն, ժողովուրդը փախչում ա: Թոշակառուներ են ապրում, բանջարաբոստանային բան են ցանում, դրանով ապրում են»:
Բեգլար պապը մեղրի վաճառքից գոհ է, ուղարկում է Երևան, տղաները վաճառում են մոտ 3000 դրամով, իսկ տեղում, հատկապես՝ ադրբեջանցիներին ծախում է 15 լարի, մոտ 4,5 հազար դրամ, այլ բան չի ասում...
Ախկյորփինը գտնվում է Մառնեուլի տարածաշրջանում, որտեղ կողք-կողքի ապրում են հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, տալ-առնելիք կա, բոլորն էլ խոսում են բոլորի լեզուներով ու իրար հասկանում:
Հարցնում եմ՝ հարս գալի՞ս է Ախկյորփին: «Հա՞րս»,- հարցնում է,- «Տղա՞ է մնացել, որ հարս գա, բայց ղոչաղ տղեն էն Եվրոպայից կերթա հարս կբերի»:
Գյուղի կենտրոնում հավաքված ջահելներն ընդդիմանում են՝ նորմալ բաներ ասա, պապի՛, ու ծիծաղում են. երևի չեն ցանկանում պապին վիրավորել:
Պապն ասում է, որ հավաքված 5-6 երիտասարդներն ամուսնացած չեն, լավ կլինի ամուսնանան: Այո, լավ կլինի:
Հայաստան ինչի՞ չես գալիս պապի: Պատասխանում է, որ Երևանում ավտոները սամալյոտի պես թռչում են, կամ էլ կընկնի տրամվայի տակ: Բեգլար պապը դեռ երկար է մտադիր ապրել, իսկ սամալյոտ-ավոտներն ու հատկապես տրամվայը նրա ծրագրերի մեջ չեն մտնում: Տրամվայ չկա հիմա, ասում եմ: Բեգլար պապին չի համաձայնում. Ախկյորփինը իր ծննդավայրն է, թեև անձնագիրը Հայաստանի Հանրապետության է ու թեկուզ ներգաղթել-հայրենադարձվել է ծննդավայր, Հայաստանը ինչքան էլ հարազատ լինի՝ ծննդավայրից քաղցր տեղ չկա, թեկուզ ներգաղթյալի կարգավիճակով:
Գոհար Ստեփանյան/«Արևելքին»