«Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերից կցուցադրվի Երևանում, մարզերում և Արցախում

«Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերից կցուցադրվի Երևանում, մարզերում և Արցախում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 17-ից կցուցադրվի կինոթատրոններում:  Երևանի Մոսկվա», «Կինոպարկ» և «Սինեմասթար» կինոթատրոններում մեծ էկրան բարձրանալուց հետո  ֆիլմը ցուցադրվելու է նաև մարզերում և Արցախում»,-«Արևելքի» հետ զրույցում նշեց Ջիվան Ավետիսյանը: Անդրադառնալով դեռևս միայն «Ոսկե Ծիրանի» ժամանակ ցուցադրված ֆիլմի շուրջ հնչող որոշ քննադատություններին, Ջիվան Ավետիսյանը նշեց, որ առայժմ մասնագիտական քննադատության չի հանդիպել, այլ մարդիկ հայտնել են իրենց կարծիքը, որը բնական է: «Ֆիլմը կարող է հուզել, կամ չհուզել մարդկանց, դրանից նրա գեղարվեստական արժեքը կամ ասելիքը չի կորչում: Յուրաքանչյուր ֆիլմ էլ կարող է այս կամ այն չափով դուր գալ կամ դուր չգալ հանդիսատեսին: Ես չեմ հիշում վերջին շրջանում Հայաստանում նկարահանված մի ֆիլմ, որի մասին թե՛ հանդիսատեսը, թե՛ ֆիլմաշխարհին մոտ կանգնած մարդիկ միաձայն ասեն՝ շատ լավն է»,-նշեց ռեժիսորը, ավելացնելով, որ ֆիլմի մասին եղել են շատ դրական կարծիքներ հեղինակավոր մարդկանց կողմից, ինչը պարտավորեցնող է: 

«Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղի մասին, ուր  օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, որն ականատես է եղել ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը՝ Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում  գտնում և բերում է աղջկան՝  Յուրգային: 

 

Աբգարը ցանկանում է աղջկա հետ լքել գյուղը, բայց նա հասկանում է, որ պետք է ծառայեցնի քարտաշի իր արհեստը՝ մզկիթի կառուցման համար:  Նա հասկանում է, որ ինքը հայտնվել է ծուղակում: