image

Վերջին ամիսներին Հայաստան է տեղափոխվել եւս 2500 սիրիահայ. նախարար

Վերջին ամիսներին Հայաստան է տեղափոխվել եւս 2500 սիրիահայ. նախարար

Վերջին ամիսներին Սիրիայում իրավիճակը սրվելու հետևանքով Հայաստան է տեղափոխվել եւս 2500 սիրիահայ:

Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին:

«Ցավոք, Սիրիայում իրավիճակը գնալով սրվում է: Երեկ էլ Հալեպում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով 20 մարդ էր զոհվել: Բարեբախտաբար, մեր հայրենակիցներից որևէ մեկը չի տուժել: Ընդհանուր առմամբ, մայիսյան իրադարձություններից հետո Հայաստան է եկել ևս 2500 սիրիահայ: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մոտ 300-ը  վերադարձան Սիրիա: Սեպտեմբերի 15-­ից սկսվել է ուսումնական շրջանը, և մենք ցանկանում ենք պարզել, թե քանի սիրիահայ երեխա է դպրոց հաճախելու: Մեր տվյալներով` այս պահին Հալեպում մոտ 7-8 հազար հայ է մնացել, իսկ ընդհանրապես Սիրիայում՝ մոտ 15-16 հազար»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը հայտնել է, որ հանդիպել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ  Շահան Արք. Սարգսյանի հետ,  քննարկվել են սիրիահայերին անհրաժեշտ օգնություն տրամադրելու հետ կապված հարցեր:

«Այս պահին մենք ֆինանսական միջոցների կարիք ունենք Սիրիայում հայկական որբանոցի և ծերանոցի խնդիրները լուծելու համար»,-­ նշել է Հակոբյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստան ժամանած սիրիահայերին օգնելու համար ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ՝ լուծելով նրանց առաջնային խնդիրները:

Հրանուշ Հակոբյանը կոչ  է արել բոլորին անել հնարավոր ամեն բան՝ պատերազմի հետևանքով Սիրիայից ՀՀ եկած սիրիահայերին Հայաստանի հասարակությանն ինտեգրելու հարցում:

աղբյուր` Հայերն այսօր

լուսանկարը`washingtonpost-ի