image
Հրատապ լուրեր:

Վախճանվել է Ֆոլքմար Գանցհորնը. «Ազգ»

Վախճանվել է Ֆոլքմար Գանցհորնը. «Ազգ»

2015 թ. նոյեմբերի 5-ին գերմանական հիվանդանոցներից մեկում մահացել է հայկական գորգագործության մեծ երախտավորը` Ֆոլքմար Գանցհորնը, տեղեկացնում է  «Ազգը»,  նշելով, որ հայ ժողովրդի միջազգային համբավի տարածման  գործում մեծ ներդրում ունեցած գիտնականի մահվան լուրը Հայաստան է հասել շատ ուշացումով: «Այնինչ գերմանացի այս մեծ մասնագետը հայկական գորգարվեստի հետազոտման եւ պրոպագանդման առումով կատարել է անգնահատելի ծառայություն մեր ժողովրդի և միջազգային արվեստասեր հասարակության համար: Գերմաներեն, ապա անգլերեն ու ֆրանսերեն տպագրված նրա կոթողային գիրք-ալբոմը՝ «Քրիստոնեական արևելյան գորգը» («The Christian Oriental Carpet», անգլ. 1991 թ., 532 մեծադիր էջ), ներկայացնում է հայկական գորգագործական արվեստը վաղ միջնադարից մինչեւ 18-րդ դարը ներառյալ, ծագումնաբանությունից մինչեւ հետագա զարգացման շրջափուլեր և դասակարգումներ: Գործ, որը թուրք-ադրբեջանական նենգափոխումների պայմաններում անառարկելի ուժգնությամբ միջազգային ասպարեզում վերահաստատեց հայ գորգագործության և կարպետագործության տեղը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Բարեբախտաբար, 2013 թ.ին գերմանացի հետազոտողի վաստակը արժանիորեն գնահատվեց ՀՀ նախագահի կողմից. նրան շնորհվեց «Մովսես Խորենացի» շքանշան՝ որպես երախտագիտության դույզն արտահայտություն»,-գրում է «Ազգը»: 

Վերջերս Ֆոլքմար Գանցհորնի գիրք-ալբոմը թարգմանվել  և լույս է տեսել  նաեւ հայերեն` գերմաներեն լեզվի մասնագետ թարգմանիչ Հրաչ Ստեփանյանի կողմից: