Ամերիկաբնակ հայազգի նշանավոր սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը, Մարտին Սկոսեզեի և սցենարիստ Չարլզ Բրանդի հետ աշխատում է «Իռլանդացին» նոր կինոժապավենի վրա, տեղեկացնում Կինոաշխարհը՝ հղում անելով իր աղբյուրին:
Մեր հայրենակից կինոգործչի մասին անդրադարձից տեղեկանում ենք նաև, որ «Իռլանդացին» ֆիլմը նկարահանվում է Չարլզ Բրենդի «Ես լսել եմ, դուք տներ եք ներկում» գրքի հիման վրա, որը նվիրված է մաֆիայի վարձու մարդասպան՝ Ֆրենկ Շիրանին։
Ֆիլմում կխաղան այնպիսի դերասաններ ինչպիսիք են՝ Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Պեշը և Բոբբի Կանավալեն։
Սթիվեն Զաիլյանը «Օսկարի» մրցանակակիր է։ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1994 թվականին տաղանդավոր սցենարիստը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Բացի այդ, նա առաջադրվել է «Օսկարի»՝ «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդը, որը փոխեց ամեն ինչ» կինոնկարների սցենարների համար։
«Թայմսը» նրան անվանել է «Հոլիվուդի առավել հմուտ և խորաթափանց սցենարիստը` Ռոբերտ Թաունի ժամանկներից ի վեր»: