image

Թաթուլ Հակոբյան. Մարաղան անբուժելի վերք է ղարաբաղյան պատերազմից

Թաթուլ Հակոբյան. Մարաղան անբուժելի վերք է ղարաբաղյան պատերազմից

24 տարի առաջ այս օրը՝ 1992-ի ապրիլի 10-ին, տեղի ունեցավ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում հայկական կողմի համար ամենից ողբերգականը. ադրբեջանական զինուժը գրավեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը և սպանդի ենթարկեց մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների: Շուրջ 4000 բնակիչ ունեցող գյուղը այսօր էլ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ այն մարաղացիները, ովքեր չհեռացան Հայաստան, Ռուսաստան կամ այլ երկիր, վերաբնակվեցին Աղդամի շրջանի Կըզըլ Քենգերլի գյուղում՝ այն վերանվանելով Նոր Մարաղա: Ներկայացնում ենք հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից: Ի դեպ, նշենք, որ 1992-ի ապրիլի 10-ին Ստեփանակերտում էր Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը:                           

 

 

 

                                  Նոր Մարաղա

25-ամյա Գարիկ Ստեփանյանը տունը և հորը կորցրել է 12 տարեկանում: Այժմ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում է Նոր Մարաղայում: Գարիկի հայրը վիրավորվել է պատերազմի ժամանակ, Մարտակերտում: Տեղափոխել են Հայաստան` հիվանդանոց, որտեղ մահացել է ու թաղվել է Արամուս գյուղում, որովհետև ընտանիքը հնարավորություն չի ունեցել, ու պատերազմն էլ թույլ չի տվել Գարիկի հոր վիրավոր մարմինը տանել հայրենի տուն` Մարաղա: ՙՄեր գյուղում ադրբեջանցիները շատ են երեխա, կանայք, ծերեր կոտորել՚: Նա պատմում է, որ ամեն տարի ապրիլի 10-ին գյուղացիները հավաքվում են հուշարձանի մոտ, սգո սեղան գցում, հիշում սպանված ու գերեզման չունեցող հարազատներին:

Մարաղան Մարտակերտի մի քանի այլ բնակավայրերի հետ մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղն ունեցել է շուրջ 4.000 բնակիչ: Այսօր Նոր Մարաղայում (նախկինում` Աղդամի շրջանի Կըզըլ Կենգերլի) հաստատվել են նրանցից մի քանի հարյուրը, մյուսները ցիրուցան են եղել տարբեր երկրներում, հիմնականում` Ռուսաստանում:

2005թ. փետրվարի 2-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը մի քանի ժամ անցկացրեց Նոր Մարաղայում: Գյուղապետ Ռոմա Կարապետյանը առաքելության ղեկավար, գերմանուհի Էմիլի Հաբերին ասաց, որ եթե ադրբեջանցիներն ազատեն իրենց գյուղը, ապա բոլոր մարաղացիները կվերադառնան: ՙՄեր գյուղերը ե՞րբ են ազատագրվելու, դրան ենք սպասում, գնանք մեր տներում ապրենք: Որեւէ միջազգային կազմակերպություն չի այցելել, չի հետաքրքրվել մեզանով: Ինչո՞ւ են ադրբեջանցի փախստականներին օգնում, մեզ` ոչ՚,- բողոքեց գյուղապետը տիկին Հաբերին:

Սակայն փաստահավաք խումբը Նոր Մարաղա էր ժամանել բացարձակապես այլ նպատակով: Ադրբեջանը կարողացել էր հասնել նրան, որ միջազգային փաստահավաք խումբ ժամանի ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ և պարզի` Հայաստանն ու ԼՂ-ն այդ տարածքներում բնակեցման և յուրացման քաղաքականություն վարո՞ւմ են, թե՞ ոչ: Թեև տիկին Հաբերը գյուղապետ Առուստամյանին ասել էր, որ կանեն հնարավորը` օգնելու մարդկանց, բայց ակնհայտ էր, որ նրանց այնքան էլ չէր հետաքրքրում, որ, օրինակ, 52-ամյա Աիդա Երեմյանը տուն ու տեղը, պտղատու այգին թողել է շփման գծի այն կողմում:

Կյանքի 70-րդ տասնամյակը մտած Զոյա Սարգսյանը կորցրել է երեք երիտասարդ որդիներին, նրանցից կրտսերն անհետ կորած է: Սպանված որդիների կանայք երեխաների հետ հեռացել են Ռուսաստան, իսկ տիկին Զոյան ապրում է թոռների նկարներով ու հեռախոսազանգերով: 57-ամյա Էլմիրա Սահակյանը կորցրել է 21-ամյա տղային, ամուսնուն և վերջինիս հորը: Տիկին Էլմիրան բնակություն է հաստատել Նոր Մարաղայում որդու և դստեր հետ: Ընտանիքը կերակրում է պատերազմի ժամանակ վիրավորված որդին:

82-ամյա Ռոզա Ավանեսյանն այսպես է նկարագրում գաղթը Մարաղայից. ՙՄի վերմակ ու մի բարձ ենք կարողացել վերցնել փոքր երեխային փաթաթելու համար: Երկհարկանի տունը, կուրծք արած հղի կովերը թողել եմ այնտեղ: Մարմինս դողում է, չեմ կարող պատմել: Հարայ-հրոցով, ճիչով-լացով ճանապարհ ընկանք՚:

Նոր Մարաղայում յուրաքանչյուր ընտանիք մի դժբախտ պատմություն է: Մարաղան անբուժելի վերք է ղարաբաղյան պատերազմից. գյուղը մի քանի անգամ անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, 1992թ. ապրիլի 10-ից մինչև այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն անցնում է Մարաղայով: Սպանվել է շուրջ վեց տասնյակ խաղաղ բնակիչ, պատանդ տարվել մի քանի տասնյակը, որոնց մի մասի ճակատագիրը մինչև այսօր անհայտ է: