image
Հրատապ լուրեր:

Ստեփանակերտում կայացել է միջազգային բուժքույրական համագումար` «Մի վնասիր» կարգախոսով

Ստեփանակերտում կայացել է միջազգային բուժքույրական համագումար` «Մի վնասիր» կարգախոսով

Այսօր ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ  Ստեփանակերտում  տեղի է ունեցել  միջազգային բուժքույրական համագումար` «Բուժքույրություն. կրթություն միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանը և բուժման արդյունքներին» թեմայով: Համագումարին մասնակցում էին  բուժանձնակազմի`  500-ից ավել աշխատող Արցախից, Հայաստանից, ինչպես նաև 25 վաստակաշատ բուժքույր-դասախոսներ, ովքեր ժամանել են ԱՄՆ-ից, եվրոպական, ասիական, ԱՊՀ տարբեր երկրներից,-հայտնում է  «Արցախպրեսսը»:

Կայքից տեղեկանում ենք, որ համագումարին ներկա են  եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք.Մարտիրոսյանը, Արցախի առողջապահության նախարար  Հարություն Քուշքյանը: Արցախի նախագահը  կարևորել է նման ներկայացուցչական համագումարի անցկացումն Արցախում:

Ողջունելով համաժողովի արցախյան, հայաստանյան և արտասահմանյան մասնակիցներին, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ միջազգային բուժքույրական համագումարը կանդրադառնա առողջապահության առաջնահերթ խնդիրներին` նպաստելով բուժքույրական որակի զարգացմանը:

 «Որակյալ բուժօգնությունը բարձրացնում է հասարակության վստահությունը դեպի բուժհաստատությունը և ընդհանրապես դեպի առողջապահությունը: Համագումարը հիմնականում ուղղված է հիվանդի անվտանգության ապահովման խնդիրներին և ընդունել է Հիպոկրատի «Մի´ վնասիր» առաջին պատգամը որպես կարգախոս»,-ասել է Հ. Քուշկյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը ասել է. «Սա կարևոր իրադարձություն է Արցախի բուժքույրերի կյանքում, որը մեծ հնարավորություն է ընձեռում խորացնել գիտելիքները, ծանոթանալ քույրական գործի վերջին նվաճումներին, հարստացնել աշխատանքային փորձը և ինտեգրվել մրջազգային բուժքույրական հանրությանը:

Այնուհետև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բուժքույր-դասախոսները հանդես են եկել բուժքույրական արդի խնդիրների շուրջ տարբեր զեկուցումներով: