«Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։
Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:
Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է ՀՀ ԱԳՆ-ի՝ քիչ առաջ տարածած հայտարարության մեջ:
Ինչպես տեղեկացրել էինք փետրվարի 6-ին իր տան վրա հարձակման հետևանքով հանցագործների կողմից շղթաներով կապվելուց հետո մահացել է 87-ամյա Հակոբ Դեմիրճին (Յաղուբ) ու վիրավորվել նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին: Հանցագործները տնից տարել են մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն: Ըստ թուրքական մի շարք լրատվամիջոցների, ոստիկանությունն արդեն իր հսկողության տակ է առել ութ հոգի, որոնք կասկածվում են հարձակմանն աջակցելու մեջ: Նրանցից հինգը կանայք են: Ոստիկանությունը նրանց ուղղությունը գտել է տան շրջակայքում տեղադրված տեսախցիկների օգնությամբ: Միաժամանակ նշվում է, որ խուզարկության վայրում հայտնաբերվել են մի քանի կեղծ անձնագրեր, ըստ թուրքական մամուլի, հանցագործները պատրաստվում էին Տրապիզոնով անցնել Վրաստան:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ, նշելով նրանց անունները՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.: Հանցագործներից մեկը Դեմիրճիների աշխատողն է եղել, որ էլ, ըստ նախնական վարկածի, աջակցել է տեղի ունեցածին:
Հարձակման ենթարկված տունը պատկանում է Ստամբուլի «Փակ շուկայի» «Ֆելեմենք» ոսկերչական հաստատության սեփականատեր Հակոբ Դեմիրճիին, որն էլ զոհ է գնացել դաժան հանցագործությանը: