Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Երեւանում գործող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռությամբ եւ աջակցությամբ Երևանի պետական համալսարանի 8-րդ ուսումնական մասնաշենքի նախասրահում բացվեց արդեն ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էին մոտ 60 սիրիահայեր: Այս անգամ ցուցահանդես-տոնավաճառը նվիրված էր Կանանց միջազգային օրվան: Բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էին քացրավենիքի եւ ճաշատեսակների լայն ընտրանի (այդ թվում՝ Պահքի համար նախատեսված), ձեռագործ աշխատանքներ, արծաթյա զարդեր, արեւելյան համեմունքներ եւ բոլոր այն նորամուծությունները, որ վերջին տարիներին սիրիահայերն իրենց հետ բերել են Հայաստան:
Բարեգործական միջոցառմանը ներկա էր նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. նա հերթական անգամ ցուցահանդես էր այցելել՝ եւս մեկ անգամ քաջալերելու սիրիահայ ընտանիքներին: «Արեւելք»-ի թղթակցի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանը մեկ անգամ եւս հիշեցրեց սիրիահայ ընտանիքների համար պետական մակարդակով իրականացվող ծրագրերը:
«Պետությունը ստեղծում է հնարավորություններ, որպեսզի սիրիահայերը կարողանան բիզնես զարգացնել, եւ պետք է ասել, որ այս առումով մեր օրենսդրությունը բավականին մատչելի է: Այդ օրենքներին ծանոթանալու համար, մենք պարբերաբար կազմակերպում ենք օրենքների իմացության դասընթացներ, հրատարակում ենք տեղեկատվական գրքույքներ: Ունենք նաեւ խորհրդատվական կենտրոններ ՀՀ փաստաբանների միությունում, Ամերիկայի հայ իրավաբանների միությունում, որոնք օգնում են սիրիահայերին՝ յուրացնելու օրենքները: Տնտեսագետների եւ փոքր ու միջին ձեռնարկատիրական կենտրոնների հետ միասին օգնում ենք նաեւ, որ նրանք բիզնես-ծրագրեր կարողանան գրել՝ կազմակերպելով մեկամսյա դասընթացներ: Դասընթացների հաջող ավարտից հետո, նրանց տրվում է 15.000-20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ այդ բիզնես-ծրագիրը իրականություն դարձնելու համար: Արդեն 100 եւ ավելի երիտասարդներ ստացել են նախատեսված վարկերը՝ 5 տարի ժամկետով, 4% տոկոսադրույքով»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: Նա նաեւ հավելեց, որ նման ցուցահանդեսները եւս պետության կողմից ստեղծված հնարավորություններից են:
«Սիրիահայերը գումար չեն մուծում՝ այս ցուցահանդեսներին մասնակցելու համար: Նմանատիպ բարեգործական միջոցառումների շնորհիվ՝ նրանք ձեռք են բերում գործընկերներ, կարողանում են տարածել իրենց ապրանքը, գումար վաստակել, ստեղծագործել, նորից վերարտադրություն կազմակերպել: Ցուցահանդեսների կազմակերպումը եւս կարեւոր մեթոդ է՝ այս հարցերը լուծելու համար»,- հավելեց նախարարը:
Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ սիրիահայերի կերպարին, շեշտելով, նրանց ստեղծագործ, ուժեղ, մարդկային բարձր արժեքներ կրող տեսակը: Նախարարը նշեց նաեւ, որ վերջիններս աչքի են ընկնում որպես բարեխիղճ և լավ աշխատողներ՝ բոլոր ոլորտներում:
Վաղը Երեւանի պետական համալսարանի Աբովյան 52 Ա մասնաշենքում շարունակվելու է բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Տաթեւիկ Մուրադյան