image

Շրջադարձային փուլ Հայաստանի կարիքաւոր ընտանիքների Կեանքում. «Թուֆէնքեան» հիմնադրամի «Ընտանիք եւ համայնք» ՀԿ

Շրջադարձային փուլ Հայաստանի կարիքաւոր ընտանիքների Կեանքում. «Թուֆէնքեան» հիմնադրամի «Ընտանիք եւ համայնք» ՀԿ

«Երեխաները գալիս են մեր կենտրոններ «անտեսանելի ուսապարկով», որտեղ նրանք կրում են կեանքի դժուարութիւնները: Այդ երեխաներն աղքատ ընտանիքներից են` ոմանց  մէկ կամ երկու ծնողն էլ  կալանավայրում է, ոմանք արցախեան պատերազմում զոհուածների, կամ մէկ ծնող ունեցող երեխաներ են, եւ ծանր սոցիալական պայմանների արդիւնքում պատանիներից ոմանք էլ վարքի պատճառով խնդիրներ ունեն օրէնքի հետ:

 

2002 թուականին, երբ «Թուֆէնքեան» հիմնադրամը Հայաստանում նախաձեռնեց «Ընտանիք եւ համայնք» հասարակական բարեգործական կազմակերպութիւնը, նպատակն էր օժանդակել աղքատ եւ խոցելի խաւերին` իրականացնելով սոցիալական (ընկերային) եւ հոգեբանական աջակցութեան, երեխաների կարողութիւնների զարգացման ու ընտանիքների զօրացման միջոցով համայնքի զարգացման ծրագրեր: Այսօր, քսան տարի անց, կազմակերպութիւնը մեծ ուրախութեամբ է ներկայացնում գործունէութեան արդիւնքները, որոնցից գլխաւորը` հազարաւոր մարդկանց կեանքերի բարեփոխումն է:

Յուլիսի 10ին, «Թուֆէնքեան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, զարգացման հարցերով տնօրէն Անդրանիկ Գասպարեանն ու Հայաստանից ժամանած, «Ընտանիք եւ համայնք» կազմակերպութեան հիմնադիր նախագահ Քնարիկ Կարանֆիլեանը Գլենդելում ներկայացրեցին կազմակերպութեան ձեռքբերումներն ու ծրագրերը` Իրաքահայ միութեան եւ «Թուֆէնքեան» հիմնադրամի կազմակերպած բարեգործական ճաշկերոյթի ժամանակ, որի հովանաւորն էր Արեւմտեան ԱՄՆի  թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը:

«Սփիւռքահայութիւնն աւելի քան երեսուն տարի սատար է կանգնել Հայաստանին եւ  շարունակում է գործունէութիւնը տարբեր մարդասիրական ուղղութիւններով, սակայն կարծում եմ,  պէտք է ընդունել, որ շատ աւելին կարելի է անել, եթէ մտածենք օգնութեան նոր ձեւերի մասին: Այսօր Հայաստանի պահանջներն այլ են` երկարաժամկէտ վերականգնող, զարգացնող օժանդակութիւն, որը կարող է օգնել մարդկանց ոտքի կանգնելու, ինքնաբաւ լինելու, եւ իրենց հարցերն ինքնուրոյն լուծելու: «Թուֆէնքեան» հիմնադրամի ծրագրերը կարողացել են օգնել մարդկանց ստեղծուել է օգնելու խոցելի խմբում գտնուող ընտանիքներին, եւ յատկապէս երեխաներին` դառնալու ինքաբաւ անհատներ», իր խօսքում նշեց Անդրանիկ Գասպարեանը:

«Ընտանիք եւ համայնք»ն արձանագրել է խնդիրը, այն է` իւրաքանչիւր երրորդ երեխան Հայաստանում ապրում է աղքատութեան մէջ: Կազմակերպութիւնը գտել է հարցի իր լուծումը, այն է`  ֆինանսական աջակցութիւնը կարեւոր է, սակայն թիրախային միջամտութիւն է անհրաժեշտ նուազեցնելու աղքատութեան հետեւանքները երեխաների վրայ եւ հնարաւորութիւն տալու նրանց զարգանալ: Ըստ այդմ, կազմակերպութիւնը, ստեղծել է կենտրոններ Հայատանի ամենակարիքաւոր շրջաններում, եւ ներկայում իր հինգ կենտրոնների միջոցով առաջարկում է համապարփակ սոցիալ-հոգեբանական ծառայութիւններ եւ կրթական ու մշակութային հնարաւորութիւններ 6-18 տարեկան երեխաներին ու պատանիներին, նրանց ընտանիքներին:

«Ընտանիք եւ համայնք» կազմակերպութեան հիմնադիր եւ տնօրէն Քնարիկ Կարանֆիլեանը ձեռնարկի ժամանակ իր խօսքում մանրամասներ ներկայացրեց իրենց գործունէութեան եւ ձեռքբերումների մասին:

«Երեխաները գալիս են մեր կենտրոններ «անտեսանելի ուսապարկով», որտեղ նրանք կրում են կեանքի դժուարութիւնները: Այդ երեխաներն աղքատ ընտանիքներից են` ոմանց  մէկ կամ երկու ծնողն էլ  կալանավայրում է, ոմանք արցախեան պատերազմում զոհուածների, կամ մէկ ծնող ունեցող երեխաներ են, եւ ծանր սոցիալական պայմանների արդիւնքում պատանիներից ոմանք էլ վարքի պատճառով խնդիրներ ունեն օրէնքի հետ:

Մեր մասնագէտների խնդիրն է հասկանալ, թէ ինչ կայ այդ երեխաների «անտեսանելի ուսապարկում», եւ միջոցներ գտնել լուծելու նրանց խնդիրները: Մեր մօտեցումը հետեւեալն է` չկան դժուար երեխաներ, կայ կեանքի դժուար իրավիճակ, եւ երեխայի վարքը շատ անգամ արձագանգն է այդ իրավիճակի, գուցէ նման վարքով  տուեալ երեխան  ուշադրութիւն է ցանկանում: Մեր կենտրոնի սոցիալական աշխատողները, հոգեբանները սկսում են աշխատել նրանց հետ, եւ այդ աշխատանքը համադրում ենք մշակութային կրթութեանը, փորձում ենք երեխաներին օգնել, որ զարգանան ֆիզիկապէս, հոգեպէս եւ մտքով: Մեր ծրագրերում կարեւոր դեր ունի հոգեւոր կրթութիւնը` որի հիմքում դրուած են ազգային քրիստոնէական արժէքները, եւ այդ պատճառով կազմակերպութիւնն ամէնուր` Արմաւիրի, Տաւուշի եւ Շիրակի մարզերում աշխատում է առաքելական եկեղեցու թեմերի հետ:

Կարեւորում ենք աշխատանքը նաեւ ծնողների հետ, որովհետեւ երեխաների խնդիրները հիմնականում գալիս են ընտանիքից: Փորձում ենք կրթել նրանց, ծնողավարման հմտութիւններ փոխանցել, բացատրել թէ ինչպէս արձագանգել բարդ իրավիճակներում: Ժամանակի ընթացքում ականատես ենք լինում դրական փոփոխութիւնների: Քանի որ համայնքն առաջնային նշանակութիւն ունի ընտանիքի համար, մենք համագործակցում ենք  եկեղեցու, քաղաքապետարանի, ոստիկանութեան, համայնքային այլ կառոյցների հետ` փորձելով համապարփակ աջակցութիւն տրամադրել տուեալ երեխային եւ նրա ծնողին, քանի որ համոզուած ենք, որ մեկուսացումն ու պատիժը կեանքը փոխելու լաւագոյն միջոց չեն: Աշխատանքի ընթացքում բախուել ենք խնդիրների օրէնսդրական մակարդակում, քանի որ խնդիրներ կան սոցիալական քաղաքականութեան ոլորտում, համակարգը թերի է: Մեր կազմակերպութիւնը նաեւ զբաղւում է այդ հարցերով` արդարադատութեան, սոցիալական հարցերի, կրթութեան նախարարութիւնների հետ միասին փորձելով շտկել խնդիրները: Այսպիով, մենք  աշխատում ենք տարբեր մակարդակներում, որովհետեւ համոզուած ենք, որ այսկերպ միայն կարող ենք Հայաստանում դրական փոփոխութիւններ ունենալ», յայտնեց Կարանֆիլեանը:

Նա պատմեց, որ  «Ընտանիք եւ համայնք» կազմակերպութեան շրջանակներում գործում են արուեստի խմբակներ, այդ թւում` նկարչութեան, երգի ու պարի, նաեւ մանկապատանեկան տիկնիկային թատրոն, որ շրջագայել է ամբողջ Հայաստանում` ներկայացումներով հանդէս գալով նաեւ ծերանոցներում, մանկատներում, անչափահասների եւ կանանց քրէակատարողական հիմնարկում: Կազմակերպութիւնը տարեկան սպասարկում է 600 երեխայի եւ 400ից աւելի ընտանիքների` Արմաւիրի մարզի Մեծամօր եւ Արմաւիր, Տաւուշի մարզի` Իջեւան եւ Նոյեմբերեան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում:

Քնարիկ Կարանֆիլեանը տեղեկացրեց նաեւ, որ կենտրոնի երեխաներից շատերն ընդունուել են բարձրակարգ ուսումնական հաստատութիւններ, յաջողութիւններ ունեն տարբեր բնագաւառներում, եւ մեծամանութիւնն էլ օգնում է կենտրոնին կամաւոր հիմունքներով: Կազմակերպութեան տնօրէնի խօսքով, «Ընտանիք եւ համայնք»ի գոյութիւնը հնարաւոր է դարձել «Թուֆէնքեան» հիմնադրամի ջանքերով, ու նաեւ այլ բարերարների, ովքեր յետագայում են միացել նախաձեռնութեանը:

Հայաստանից ժամանած, ձեռնարկին ներկայ Արմաւիրի մարզի թեմի առաջնորդ Սիոն եպս. Ադամեանն էլ պատմեց, թէ ինչպիսի ազդեցութիւն է ունեցել «Ընտանիք եւ համայնք» կազմակերպութեան առաջինը կենտրոնը, որ բացուել էր մարզի Մեծամօր քաղաքում, որտեղ մեծ թիւ են կազմում խոցելի խմբում գտնուող ընտանիքները: «Տարիներ առաջ կազմակերպութիւնն ընդունեց քաղաքի մի քանի տասնեակ երեխաների, որոնցից շատերը լինելով չորրորդ-հինգերորդ դասարան` նոյնիսկ տառաճանաչ չէին: Սակայն շնորհիւ կենտրոնի անձնուրաց մասնագէտների, որ շահառուների նկատմամբ ունեցան անհուն համբերութիւն եւ հոգատարութիւն, մանուկներն ու պատանիները դարձան Հայաստանի Հանրապետութեան արժանի քաղաքացիներ ու արժանի զաւակներ մեր սուրբ եկեղեցու: «Ընտանիք եւ համայնք» կազմակերպութեան ջանքերով, բազմաթիւ հայ մանուկների կեանքը բազմերանգ գոյներ ստացաւ ու իմաստաւորուեց, փոխուեցին ճակատագրեր», նշեց  Սիոն եպս. Ադամեանը:

«Երեխաները մեր ապագան են, եւ եթէ ցանկանում ենք մեր վաղուայ օրը պայծառ լինի, պէտք է ներդրում կատարենք, օգնենք` մեր մանուկներին ու պատանիներին զարգացնելով նրանց ներուժը` երկարաժամկէտ նպատակ ունենալով նրանց ինքնաբաւութիւնը», յայտնեցին Գասպարեանն ու Կարանֆիլեանը:

Գլենդելի «Շիրակ» ճաշասրահում կայացած ձեռնարկի ընթացքում ասմունքով եւ դաշնամուրային կատարումներով հանդէս եկան Իրաքահայ միութեանը պատկանող շաբաթօրեայ վարժարանի սաները: Ներկաները նաեւ առիթ ունեցան դիտելու «Ընտանիք եւ համայնք» կազմակերպութեան երեխաների առօրեայի մասին պատմող տեսանիւթ, հարցեր ուղղել բանախօսներին: Իրաքահայ միութեան նախագահ Մարալ Անջարգոլեանն էլ կիսուեց Հայաստանում կազմակերպութեան կենտրոն իր այցով եւ ցուցադրեց «Ընտանիք եւ համայնք» կազմակերպութեան երեխաների կողմից արուած նկարները` առաջարկելով գնել դրանք ու հասոյթը տրամադրել կենտրոնին: Ներկաները բարձր գնահատեցին «Թուֆէնքեան» հիմնադրամի ու «Ընտանիք եւ համայնք» կազմակերպութեան ջանքերն ու իրենց աջակցութիւնը յայտնեցին նրանց:

 

Նանէ Աւագեան

«Ասպարէզ»