«Արեւելքը» Հայաստանի անկախության 24-ամյակի առթիվ զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:
-Մեկ տարի անց ազգովի կնշենք Հայաստանի անկախության 25-ամյակը: Հետահայաց գնահատելով քառորդդարյա իրադարձությունները՝ կարո՞ղ ենք փաստել, որ մեր հասարակությունը, քաղաքական էլիտան այն ժամանակ պատրաստ էին անկախության:
-Եթե որեւէ ազգ սպասեր, թե ե՛րբ է իդեալականորեն պատրաստ լինելու անկախության եւ դրանից հետո հռչակեր այն, ապա այսօր մոլորակի վրա պետություններ չէին լինի: Անկախությունը սրբազան արժեք է, եւ այդ արժեքը զորավոր ու գերբնական խոյանքի արդյունքում է լինում, ո՛չ թվաբանության կամ կոկետության: Մեր այն ժամանակվա քաղաքական առաջնորդները եւ հասարակությունը բաց չթողեցին մեր պատմական շանսը: Թեեւ չէին էլ կարող բաց թողնել.առանց բացառության անկախացան ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները: Խնդիրը դրա հետ վարվելու կերպի ու որակի մեջ է:
-ԵՏՄ-ին անդամակցելուց հետո շրջանառվում է այն տեսակետը, որ Հայաստանը զիջել է իր ինքնիշխանությունը: Հնարավո՞ր էր ներկա իրողությունների պայմաններում խուսափել ԵՏՄ-ին անդամակցելուց:
-Մաքսիմալիստ լինել պետք չէ. իհարկե՛ զիջել ենք անկախության մի լուրջ չափաբաժին, բայց ո՛չանկախությունը: Ցավոք, առկա դասավորության պայմաններում այլընտրանքն առավել ողբալի կլիներ:
-Ավանդաբար, որպես մեր ձախողումների պատճառ, տեսնում ենք Ռուսաստանը, Արեւմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը: Ինչու՞ Հայաստանի իշխանություններին անցած քսանչորս տարիների ընթացքում չհաջողվեց ձեւավորել այն քաղաքական-հասարակական օրակարգը, պետական ինստիտուտները, որոնց շնորհիվ կունենայինք նորմալ, քաղաքակիրթ պետություն:
-Մի՞թե կարծում եք, որ անկախության շրջանի մեր իշխանություններն իրավասու էին նման խնդիր դնել իրենց առջեւ. չէ՞ որ իրենք ռուսական դրածոներ էին եւ` են:
-Հայաստանի իշխանությունների կողմից գործած ի՞նչ սխալներ կնշեիք, որոնք անդառնալի հետք են թողել Հայաստանի, հայ ժողովրդի ճակատագրի վրա:
-Փառք Աստծո, նման սխալներ նրանք չեն արել, թեեւ հազարապատիկ լավն անելու պատմական շանսն ունեցել են եւ ունեն:
-Սպասելի՞ էր, որ իր երկրի անկախության համար պայքարած, զրկանքներ կրած հասարակությունը կարող է այսօր անտարբեր գտնվել անկախության եւ ազատագրական պայքարի գործում իրենց ներդրում նունեցած զավակների (նկատի ունեմ ՇանթՀարությունյանին ու իր ընկերներին - Թ.Հ.) ճակատագրի հանդեպ, որոնք իշխանության կամայականությունների պատճառով հայտնվել են անազատության մեջ:
-Միանգամայն ճշգրիտ եք. պարոն Շանթ Հարությունյանը, իր զինակիցներն ու, ըստ իս, Երրորդ Հանրապետության առայժմ միակ քաղաքացիական հերոս Հայկ Կյուրեղյանն անազատության մեջ են դրածո իշխանությունների կամայականության պատճառով, ավելին՝ քստմնելի գավառականության պատճառով: Բայց ամենեւին համամիտ չեմ, թե մեր հասարակությունն անտարբեր է. մեր հասարակությունն իմաստուն է, որը գիտի քարերը շպրտելու եւ քարերը հավաքելու ժամանակը:
-Խնդրում եմ՝ նշել հայ գրողների, մտածողների այն գրքերը, որոնք այսօր կրկին ընթերցելու եւ տարածելու պահանջն եք զգում:
-Ինքս վերջին շրջանում անընդմեջ կարդում եմ Կոստան Զարյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց. այնտեղ ցեղի այսօրվա սիրտն է բաբախում:
Զրուցեց` Թագուհի Հակոբյանը