1962 թ.-ից հայ գրող, բանաստեղծուհի, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանը սկսել է շրջագայել սփյուռքում, եղել է բազմաթիվ հայկական համայնքներում, գրել իր նշանավոր ուղեգրությունները:
1962 թ.-ի վերջին և 1963-ի սկզբին նա մեկնել է Հալեպ, Դամասկոս, Բեյրութ և զարմանքով տեղեկացել, որ Սիլվա անունը Լիբանանի և Սիրիայի հայկական համայնքներում մեծ տարածում ունի: Նրա ուղեկիցները հայտնել են, որ Սփյուռքում սկսել են «Սիլվա» անվամբ անվանակոչել հայ աղջիկներին՝ նաև ոգևորվելով Սիլվա Կապուտիկյանի գրականությամբ, գործունեությամբ, որ շատ տարածված էր Սփյուռքում: Բոլոր դպրոցական հանդեսներում արտասանվում էին նրա բանաստեղծությունները, իսկ «Խոսք իմ որդուն»-ը դարձել էր սփյուռքահայ դպրոցականների ամենասիրած բանաստեղծությունը: Բեյութի հնագույն՝ «Սահակյան» դպրոցում (անվանակոչվել է ի պատիվ Սահակ Բ կաթողիկոսի, այսօր կոչվում է «Սահակեան-Լեւոն Մկրտիչյան» երկրորդական վարժարան) Սիլվա Կապուտիկյանը լուսանկարվել է իր անունը կրող 9 աշակերտուհու հետ: Պատմական այդ լուսանկարն այսօր պահպանվում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում:
Սակայն հայտնի է, որ «Սիլվա»-ն Սիլվա Կապուտիկյանի իսկական անունը չէ: Նրա իսկական անունը Սիրվարդ է: 12 տարեկանում թատրոնում դիտելով «Սիլվա» օպերետը, պահանջել է, որ իրեն Սիլվա կոչեն: Տատը որքան կանչել է՝ Սիրվարդ, չի արձագանքել, ստիպված սկսել են նրան Սիլվա ասել:
Լուսանկարում ինը «Սիլվա»-ների և Սիլվա Կապուտիկյանի հետ կանգնած է «Սահակյան» դպրոցի տնօրեն, կրթական մեծ գործիչ Բենիամին Ժամկոչյանը: Հատկանշական է, որ այսօր Բենիամին Ժամկոչյանի անունով է կոչվում Երևանի թիվ 119 ավագ դպրոցը: Ժամկոչյանը մանկագիր էր, հրապարակախոս, Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանի գրականության պատվավոր դոկտոր:
Ինչպես այս լուսանկարի առթիվ հավելում է պրոֆեսոր Արա Սանջյանը, լուսանկարն իսկապես մեծ տարածում էր գտել սփյուռքում՝ նախ տպագրվելով դպրոցի թերթում: Խոսելով Բենիամին Ժամկոչյանի մասին՝ Արա Սանջյանն ասում է, որ նա նույնպես գիտական, կրթական և գրական մեծ գործունեություն է ունեցել: Հայաստան է հրավիրվել 1961-ի մայիսին՝ Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակի տոնակատարությունների առթիվ, դա, ինչպես նշում է Արա Սանջյանը, եղել է նրա միակ այցը Խորհրդային Հայաստան, որից հետո գրել է իր տպավորությունները հայրենիքից: Խորհրդային Հայաստան այցին նա եղել է Սիլվա Կապուտիկյանի տանը, սակայն հանդիպել է միայն բանաստեղծուհու մորը: Բենիամին Ժամոկչյանի հուշագրությունները լույս են տեսել Բեյրութի «Արարատ» օրաթերթում: