Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի նախագահ Նորին Սրբազնութիւն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի հանդիպումը:
Վերջինիս գլխաւորած պաշտօնական պատուիրակութիւնը ժամանել է Սուրբ Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով, որն ուղղուել էր 2017 թ. հոկտեմբերին Եւրոպայում Ռեֆորմացիայի 500-ամեակի տօնակատարութիւնների առիթով Նորին Սրբութեան Գերմանիայ կատարած այցի ընթացքում:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցաւ պաշտօնական խօսքերի փոխանակում: Նորին Սրբութիւնը եւ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմը համփոփումն տեղի ունեցած զրոյցի եւ քննարկումների վերահաստատեցին պատրաստակամութիւնը` խթանելու Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի միջեւ առկայ կապերը եւ զարգացնելու յետագայ գործակցութիւնը.
«Այսօր, աւելի քան երբեւէ, մենք ականատես ենք տեղի ունեցող մի իրողութեան, շարունակական ընդհարումների եւ անարդարութիւնների ազգային, տնտեսական, քաղաքական եւ կրօնական հարթութեան վրայ, որի պատճառով քրիստոնէական տարբեր յարանուանութիւնների միջեւ համագործակցութիւնը եւ ընդհանուր առաքելութեան անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ միասնական ջանքերի համախմբումը ժամանակակից մարտահրաւէրներին դիմակայելու համար ընդհանուր աղօթքով դառնում է հրամայական:
Այսօր մեր երկու Եկեղեցիների միջեւ ընդհանուր առաքելութեան ու համագործակցութեան ամրապնդման նպատակով մենք կոչ ենք անում մեր եկեղեցական սպասաւորներին եւ հաւատացեալներին համագործակցել մեր միասնական քրիստոնէական առաքելութեան զօրացման գործում.
1. խրախուսել եւ նպաստել կրթութեան զարգացմանը եւ հոգեւորականների աստուածաբանական պատրաստութեանը` ճանաչելու մեր երկու Եկեղեցիների դարաւոր աւանդոյթները եւ աստուածաբանական-եկեղեցական առանձնայատկութիւնները,
2. յատկապէս տեղական համայնքների մակարդակում ջանքեր գործադրել` մեր հաւատի ընդհանուր վկայութեան գործում միմեանց միջեւ համագործակցութիւնն ամրապնդելու եւ հիմք ստեղծելու Արեւելեան Ուղղափառ եւ Բողոքական Եկեղեցիների ընտանիքների միջեւ առկայ միջեկեղեցական երկխօսութեան յետագայ զարգացման համար,
3. աշխարհի տարբեր կողմերում, յատկապէս Մերձաւոր Արեւելքում, տեղի ունեցող հակամարտութիւնների համատեքստում համագործակցել պահպանելու բազմադարեայ քրիստոնէական պատմական ներկայութիւնն այդ տարածաշրջանում եւ տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով նպաստելու փախստականների ներգրաւմանը եւ ինտէգրմանը նոր հասարակութիւններում:
Մենք միասին աղօթում ենք, որպէսզի աշխարհի բոլոր հաւատացեալների սրտերում ու մտքերում փոփոխութիւն տեղի ունենայ, եւ յորդորում ենք ազգերի առաջնորդներին ու նրանց, ովքեր կարող են դրական փոփոխութիւններ կատարել աշխարհում, լսելու խնդրանքները միլիոնաւոր մարդկանց, ովքեր ձգտում են աշխարհում խաղաղութեան եւ արդարութեան հաստատմանը, աւելի շատ ջանքեր գործադրել աշխարհում տարբեր էթնիկ եւ կրօնական համայնքների միջեւ խաղաղ գոյակցութեան զօրացման եւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման համար:
Թող Սուրբ Հոգին` Մխիթարիչը եւ Ճշմարտութեան Հոգին, որ առաջնորդում է մեզ ողջ ճշմարտութեան մէջ (Յովհ. ԺԶ 13), ամրացնի բոլոր ջանքերը` Եկեղեցիների միջեւ սիրոյ ու եղբայրութեան կամուրջներ կառուցելու համար: Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հաւատացեալներին միանալ մեզ աղօթքով եւ փառաբանել անբաժանելի Սուրբ Երրորդութեանը այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»: