Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր Մատենադարանի վերջին տնօրեն, գիտնական, բանաստեղծ, անվանի նարեկացիակագետ Հրաչյա Թամրազյանին, որը կյանքից հեռացել է սեպտեմբերի 3-ին:
Գիտաժողովի շրջանակներում, ի թիվս Նարեկացուն և «Մատյան ողբերգության»-ը նվիրված մի շարք գրքերի, տեղի ունեցավ նաև Հրաչյա Թամրազյանի վերջին՝ «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին անվանի գիտնականներից, օտար հայագետներից, Մատենադարանի աշխատողներից բացի ներկա էին նաև նրա բանաստեղծ ընկերները:
Հակոբ Մովսեսը «Արևելքի» հետ զրույցում կարևորեց նման գիտաժողով Հրաչյա Թամրազյանին նվիրելու նախաձեռնությունը, ասաց, որ դեռ բազում գիտաժողովներ պետք է նվիրվեն անվանի գիտնականին: «Իր գիտական վաստակի արժեքը գնալով քառապատկվելու է: Մեկ ամսից ավելի է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ մեր ընկերը և կարևոր է, որ «Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովը նրա հիշատակին է նվիրված՝ պահպանելով ավանդույթները և հարգելով գիտնականի հիշատակը: Նարեկացուն նվիրված վերջին գրքի վերջակետը նա մահվանից տառացիորեն ժամեր առաջ է դրել»,-ասաց Հակոբ Մովսեսը: Նա արժեվորեց նաև «Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովը, նշելով, որ Նարեկացին վաղուց արդեն դուրս է եկել մեր ընկալումների սահմաններից և համաշխարհային քրիստոսաբանության, քրիստոնեական բանաստեղծության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է: «Չզլանանք նշել, թե վերջերս ինչ պատվի արժանացավ: Ինչքան Նարեկացին ներծծենք մեր մեջ, մենք այնքան ուժեղ, հաղթական ժողովուրդ կդառնանք»,- մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսը:
Հրաչյա Թամրազյանի ընտանիքի անդամները նույնպես ներկա էին գրքի շնորհանդեսին: Նրանք հուզված էին՝ մասնակցելով Հրաչյա Թամրազյանի մահից հետո նրան նվիրված առաջին կարևորագույն միջոցառմանը: Վաղը՝ գիտաժողովի երկրորդ օրը Հրաչյա Թամրազյանի ավագ դուստրը՝ արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը գիտաժողովին հանդես է գալու «Ձայնի, երաժշտական հնչողության փոխակերպումները Գրիգոր Նարեկացու պատկերային համակարգում» խորագրով զեկուցումով: