image
Հրատապ լուրեր:

Մահացել է «արաբական Նյու Յորք թայմզ»-ի խմբագիրը. նա համարվում էր դարի լրագրող (լուսանկար)

Մահացել է «արաբական Նյու Յորք թայմզ»-ի խմբագիրը. նա համարվում էր դարի լրագրող (լուսանկար)

Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, երեկ Եգիպտոսում մահկանացուն է կնքել 93-ամյա Մուհամեդ Հասանեյն Հեյքալը, որի մասին մամուլը գրում է՝ դարի լրագրող, մարդ, որ իր մեջ մի ամբողջ էպոխա է ներառում: «Բրիտանիկա» հանրագիտարանը նրան անվանել է «արաբական Նյու Յորք թայզմ»-ի խմբագիր. 17 տարի Մուհամեդ Հասանեյն Հեյքալը եղել է Եգիպտոսի և արաբական աշխարհի ամենաազդեցիկ թերթի՝ «Ալ Ահրամ»-ի խմբագիրը:   

Նա միաժամանակ Եգիպտոսի նախագահներից Գամալ Աբդել Նասերի մտերիմ ընկերներից մեկն էր և իր հրապարակախոսությամբ մեծապէս նպաստել է եգիպտական քաղաքականության ձևավորմանը՝ Ֆարուք  թագավորի  օրերից մինչև մեր օրերը:

 


Նախագահի հետ քննարկում են օրվա թերթը

 


Գամալ Ադբել Նասերի հետ

 

Չնայած տարիքին և հիվանդություններին՝ կյանքի վերջին տարիներին  Մուհամեդ Հասանեյն Հենքալը հաճախ էր ելույթ ունենում հեռուստատեսությամբ. ըստ դիտարկումների, նա ժողովրդի կողմից ամենասպասված մարդկանցից մեկն էր, ում խոսքին հավատում էր ողջ Եգիպտոսը:  Իր խմբագրած թերթում հայտնի հրապարակապոսը վարել է սյունակ («Անկեղծորեն»), որտեղ Եգիպտոսի համար ամենածանր օրերին խոսել է ժողովրդի հետ՝ ներկայացնելով երկրի ներիշխանական զարգացումները:

Միաժամանակ Մուհամեդ Հասանեյն Հենքալը համարվում է միակ արաբ լրագրողը, որը հարցազրույց է վերցրել աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից՝ ԱՄՆ նախագահներից սկսած, մինչև՝ Խորհրդային Միության ղեկավարներ և արաբ առաջնորդներ:

 


 


Իր հարուստ լրագրողական գործունությունը նա ամփոփել է գրքերում, հեղինակել է նաև քաղաքական թեմաներով գրքեր՝ Ծոցի պատերազմի, արաբ-իսրայելական հակամարտությունների, եգիպտական քաղաքականության և այլ թեմաների մասին:  Եղել է նաև Եգիպտոսի տեղեկատվության նախարարը:

 


Լրագրողը արխիվային մեծ գրադարան էր հիմնել, որը համարվում էր անցնած դարի պատմության լավագույն արխիվներից մեկը, սակայն գրադարանն անհայտ պատճառներով ենթարկվել է հրո ճարակի, ինչը հոգեկան մեծ հարված էր հասցրել Մուհամեդ Հասանեյն Հենքալին ու արաբ մտավորականությանը:  

93-ամյա լրագրողը մահացել է երիկամային խրոնիկ հիվանդությունից: Մամուլը հայտնում է, որ  եգիպտական միջնադարյան մզկիթում, ուր դրվել է նրա դին, հավաքվել էր բազմահազարանոց հասարակություն,  նաև՝ քաղաքական նշանավոր գործիչներ են այցելել վերջին հրաժեշտը տալու մտավորականին, ինչպես՝ Արաբական պետությունների լիգայի նախկին նախագահ  Ամր Մուսան: 

 


 

 

Եգիպտացի ամենահայտնի լրագրողի մահվանն անդրադարձել են  բոլոր հայտնի լրատվամիջոցները՝ CNN-ը, BBC-ն, Reuters-ը, The New York Times-ը և այլն, ինչպես արաբ հեղինակավոր լրագրողի մահը եղել է արաբական բոլոր լրատվամիջոցների «առաջին էջի նյութը»

Ըստ մուսուլմանական ավանդույթների, նա շատ արագ հուղարկավորվել է:   

 

Mohamed Hassanein Heikal, seen in this Sept. 23, 2014 file photo, poses for a picture on his 91st birthday, at his office, in Cairo, Egypt.