image

Հայերը երախտապարտ են Մերձավոր Արեւելքին. հիմնվել է 7 միլիոն դոլարանոց երախտագիտության ծրագիր

Հայերը երախտապարտ են Մերձավոր Արեւելքին. հիմնվել է  7 միլիոն դոլարանոց երախտագիտության ծրագիր

Հոկտեմբերի 28-ին Near East Foundation-ի (Մերձավոր Արեւելքի հիմնադրամ)՝ Նյու Յորքում տեղի ունեցած հարյուրամյա հոբելյանին 100 LIVES-ը եւ NEF-ը հայտարարել են համատեղ կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին, որն օժանդակելու է արաբական Մերձավոր Արեւելքում դժվար կացության մեջ հայտնված 100 երեխայի։ Համատեղ նախաձեռնությունը նպատակ ունի համաշխարհային հայության անունից երախտագիտություն հայտնել Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան ու սնունդ են տրամադրել Հայոց ցեղասպանության ընթացքում տեղահանված գաղթականներին։

Հայկական կոտորածների ընթացքում ներկայիս Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Պաղեստինի, Իսրայելի եւ Եգիպտոսի տարածքում հիմնված որբանոցներում սնունդ, հագուստ եւ խնամք են ստացել հարյուր- հազարավոր գաղթականներ։ 

Այսօր՝ 100 տարի անց, հայությունն իր երախտագիտությունն է հայտնում Մերձավոր Արեւելքի արաբ եւ մյուս ժողովուրդներին։ 100 LIVES-ի եւ Near East Foundation-ի համատեղ այս կրթաթոշակային ծրագիրը (որի ընդհանուր ֆոնդը կազմում է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար) հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած երեխաներին հնարավորություն կընձեռի ուսանելու աշխարհով մեկ սփռված UWC քոլեջներում՝ ներառյալ Հայաստանում գործող UWC Դիլիջան քոլեջը։

Ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ Մերձավոր Արեւելքում ընթացող վայրիվերումների ամենախոցելի զոհերը երեխաներն են։ Պատերազմների եւ աղքատության հետեւանքով տեղահանված երեխաների մեծամասնությունը զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից։ Ըստ UNECEF-ի ԱՄՆ ֆոնդի նախագահ եւ գործադիր տնօրեն Քերիլ Սթերնի՝ «ներկայումս ավելի շատ տեղահանված երեխա կա, քան` Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ»։ UNICEF-ի գնահատականներով՝ Սիրայում այժմ կա դպրոցից կտրված ավելի քան երկու միլիոն երեխա՝ չհաշված հարեւան երկրներում ապաստանած մոտ 700,000 սիրիացի փախստական երեխաները։

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք աջակցել դժվարին կացության ու անորոշության մեջ հայտնված ծնողներին եւ երաշխավորել նրանց երեխաների ավելի լավ ապագան, ինչպես մեր ծնողներն են արել մեզ համար: Մենք մեծագույն հպարտությամբ ազդարարում ենք Near East Foundation-ի հետ մեր համագործակցության սկիզբը եւ սպասում կրթաթոշակառուների անունների հրապարակմանը»,-ասել է 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Կրթաթոշակ ստացած առաջին երիտասարդները UWC դպրոցներ կհաճախեն 2016 թվականից։ Բացառիկ նախաձեռնության մանրամասները` 100lives -ում: