image

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել Հայաստանում սիրիահայ գործարարների վերաբերյալ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել Հայաստանում սիրիահայ գործարարների վերաբերյալ
Վերջին շրջանում շատ է խոսվում սիրիահայ գործարարների՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրների մասին: Այդ առթիվ Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը պարզաբանում է ներկայացրել.

2013-2015 թվականների ընթացքում ֆինանսական աջակցություն է տրամադրվել 90 սիրիահայ (ՓՄՁ սուբյեկտ) գործարարների, ովքեր գործունեություն են ծավալել հիմնականում ավտոտեխսպասարկման, սննդի սպասարկման և ոսկերչության ոլորտներում: Տրամադրված երաշխավորության ընդհանուր գումարը կազմում է 388.3 մլն ՀՀ դրամ:

Սակայն ֆինանսավորված սիրիահայ որոշ գործարարներ սկսել են վճարումների հետ կապված խնդիրներ ունենալ: Արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սիրիահայ 22 գործարարի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան, քանի որ մասնավոր բանկերը ՓՄՁ ԶԱԿ-ի տրամադրած երաշխավորության գումարից արդեն գանձել էին գործարարների չվճարած գումարները: 10 սիրիահայ գործարարի վերաբերյալ դատարանները բավարարել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պահանջը, իսկ մյուսները գտնվում են քննության փուլում: Դատարան ուղարկված գործերով 36-ի վերաերախշավորողի գույքի վրա դրվել է արգելանք:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը  տեղեկացված է ֆինանսական աջակցություն ստացած սիրիահայերի կողմից բարձրացված խնդիրներին և դրանց լուծման նպատակով պարբերաբար քննարկումներ են կազմակերպվում սիրիահայ գործարարների հետ և հնարավորության դեպքում պարտադիր աջակցություն է ցուցաբերվում:

09.02.2016թ.-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, հանդիպում է կազմակերպվել սիրիահայ գործարարների հետ, քննարկվել են ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումում արծարծված խնդիրները: Հանդիպման ընթացքում անհատական քննարկվել են ժամկետանց և չմարված ֆինանսական պարտավորություններ ունեցող սիրիահայ գործարարների խնդրանքներն ու առաջարկությունները: Դրանք հիմնականում կապված են եղել դատարան չդիմելու և լրացուցիչ համաձայնագրեր կնքելու հետ՝ ֆինանսական պարտավորությունները մարելու նպատակով: Քննարկվել է նաև վերաերաշխավորող քաղաքացիների հարցը, ովքեր խնդրի առաջ են կանգնել վարկային պարտավորությունները չմարած շահառուների պատճառով և պատասխանատվություն են կրում իրենց սեփականություն հանդիսացող գույքով: Նշված խնդրով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը զբաղվում է արդեն 2-րդ տարին շարունակ և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է օժանդակել սիրիահայ գործարարների խնդիրների լուծմանը:

Քննարկումների արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը, օրենքի սահմաններում, ընդառաջելու և լրացուցիչ համաձայնագրեր կնքելու այն շահառուների և վերաերաշխավորող քաղաքացիների հետ, ովքեր կպարտավորվեն ամսական կտրվածքով, մինչև մեկ տարի ժամկետում, մարել իրենց ֆինանսական պարտավորությունները: