image

Հայ խոշորագույն արտ-դիլերը դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Կատարի արքայական ընտանիքի հետ

Հայ  խոշորագույն արտ-դիլերը դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Կատարի արքայական ընտանիքի հետ

Աշխարհի թիվ 1 արտ-դիլեր համարվող մեր հայրենակից Լարի Կակոսյանը, որ աշխարհահռչակ Gagosian Galleries-ի հիմնադիրն է,  դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Կատարի արքայական ընտանիքի հետ: Այդ մասին հայտնում է «Նյու-Յորք Թայմսը», նշելով, որ պատճառը Պաբլո Պիկասոյի  «Մի կնոջ կիսարձան» քանդակն է:

Լրատվամիջոցը գրում է, որ Պիկասոյի քանդակը, որ մինչև փետրվարի 7-ը ցուցադրվելու է Նյու Յորքի Արդի արվեստի (ՄոՄԱ) թանգարանում, Պիկասոյի դուստրը՝ Մայա Վիդմայեր-Պիկասոն 2014-ին 42 միլիոն դոլարով վաճառել է Կատարի շեյխին, այն պայմանով, որ արձանը թագավորական ընտանիքին է հանձնվելու այս տարվա փետրվարին: Բայց կես տարի հետո Պիկասոյի դուստրը մտքափոխվել է, չեղյալ համարելով համաձայնությունը և վերադարձնելով կանխիկ գանձված 6.5 միլիոն դոլարը, իսկ արձանը 2015 թվականի մայիսին վաճառել է հայազգի միլիարդատեր Լարի Կակոսյանին: Կակոսյանը Պիկասոյի 1931 թվականին ստեղծված այս քանդակի համար խոստացել է ավելի մեծ գումար՝ 105.8 միլիոն դոլար և նույնիսկ այն արդեն վաճառել է  նյու յորքցի մի հավաքորդի: Կատարի թագավորական ընտանիքը դատական կարգով վիճարկում է արձանի պատկանելության հարցը: Պիկասոյի 80-ամյա դուստրը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է արձանը միաժամանակ երկու հոգու վաճառել:


Պիկասոյի դուստրը

Կակոսյանն արդեն վճարել է արձանի գումարի մեծ մասը՝ 79.7 միլիոն դոլար և պնդում է, թե թագավորական ընտանիքի հետ կնքած պայմանագիրը որևէ ուժ չունի: Դատական նիստի ժամանակ Կակոսյանը մեղադրել է Կատարի արքայական ընտանիքի գործակատարին, ում հաջողվել է Պիկասոյի դստերը համոզել և անհիմն ցածր գնով գնել գլուխգործոցը: Ըստ Կակոսյանի և արձանի նոր տիրոջ միջև կնքված պայմանագրի, հավաքորդը քանդակը կստանա ՄոՄԱ-ում  ցուցադրվելուց հետո: Գիպսե արձանը Պիկասոն նվիրել է իր մուսային՝ Մարի-Թերեզ Ուոլթերին. կիսանդրին քանդակված է էրոտիկ սիմվոլներով:

 


Լարի Կակոսյանի հաճախորդների թվում են արվեստի գործերի սիրահար մեծահարուստները: Աշխարհի արվեստի մայրաքաղաքներում գործող Gagosian Galleries-ից ստացված նրա տարեկան եկամուտը կազմում է 1  միլիարդ ԱՄՆ դոլար: Հայազգի արտ-դիլերն իր գործունությունը սկսել է 1 դոլարանոց արտատպություններ վաճառելով: