Հովհաննես Թումանյանի ծննդավայրում՝ Լոռիում բազում թումանյանական արձաններ և արվեստի այլ գործեր կան: Դրանք թե՛ գրողի արձաններն ու կիսանդրիներն են, թե նրա ստեղծագործությունների հերոսներին խորհրդանշող գործեր: «Ոչ բոլոր արձաններն են հաջողված» ,-«Արևելքի»-ի հետ զրույցում ասում է ալավերդիաբնակ մտավորական Էդուարդ Շահվերդյանը, նշելով, որ նրանցից ամենահանճարեղը թերևս հայ նկարիչ Հրաչյա Ռուխկյանի հեղինակած «Թումանյանը՝ ժայռերի վրա» խճանկարն է, որը, ըստ մեր զրուցակցի, ոչ միայն Ալավերդու, այլև Հայաստանի զարդերից մեկն է: Ռուխկյանի այս ստեղծագործության բացումը տեղի է ունեցել 1969 թվին՝ Հովհաննես Թումանյանի 100-ամյակի առթիվ:
Ըստ Էդուարդ Շահվերդյանի, Ալավերդու երկաթուղային կայարանի սպասասրահում թումանյանական հերոսների (Անուշ և Գիքոր) մոտիվներով ստեղծված երկու որմնանկարները նույնպես հայկական շունչ ունեն և խորհրդանշում են մեծ գրողի անմահ հերոսներին, սակայն, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, վանդալներն իրենց ձեռքի գործն արել են, և այդ նկարների վրա էլ կարելի է պղծություններ նկատել:
Թումանյանի հայրենի գյուղում է գտնվում քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հեղինակած արձանը, որում Թումանյանը գյուղական միջավայրում երևում է քաղաքացու և ազնվականի իր կեցվածքով:
Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանի բակում էլ գրողի կիսանդրին է. վերջինիս քանդակագործը Այծեմնիկ Ուրարտուն է:
Լոռիում թումանյանական թեմաներով այլ գործեր ևս կան, բայց գրողի «Հառաչանք» պոեմի ծերունու արձանն առանձնանում է նրանց մեջ: «Հառաչանքի» ծերունին գտնվում է Սանահինի միջնադարյան կամրջի հարևանությամբ, և ըստ Էդուարդ Շահվերդյանի, արձանը կարծես կամրջի հետ ձուլվել ու նրա մի անքակտելի մասն է կազմում: Արձանի հեղինակը շնողցի քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն է (գրող Լևոն Ջավախյանի եղբայրը): «Չնայած արձանը մի տասը տարվա պատմություն ունի, բայց արդեն մամռակալել է, հավասարվել դարերի վազքին»,-նշում է մեր զրուցակիցը, ավելացնելով, որ «Հառաչանքի» ծերունին միշտ արդիական է, և արձանն էլ կարելի է համարել մեր օրերի հայ մարդու հառաչանքի լուռ արտահայտությունը:
«Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք.
Փորներն ողողած, փոխկները թողած,
Կըռները կանթած՝ կըտերը կանգնած։
Մեկին մեր գյուղում մի թիզ հող ունի,
Թըքես մի ծերից մյուս ծերը կընկնի.
Ոչ ինքն է վարում, ոչ տալիս մեկին,
Բուռն է հավաքել գյուղացու հոգին։
Գնում է ուրշի ապրանքը տանում,
Թաքուն հավաքում իր հանդն է անում,
Աղմուկով քըշում իր հանդի միջից,
Շտրափ է առնում անմեղ տիրոջից։
Պարում է ձմեռն հարսանիքներում,
Կամ մեծավորի թեփշի է լիզում,
Մինչև մի քանի շահի է ճարում,
Էն էլ տանում է լափում Թիփլիզում» ։